երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Բայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Բայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Դիրկ Լյոլկեին։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են ադրբեջանագերմանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության հարցերը։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին այցը Գերմանիա հիմք է դրել երկկողմ գործընկերության նոր փուլին։ Նշվել է նաև երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի, ադրբեջանագերմանական գործարար խորհրդի ստեղծման, համագործակցության հետագա խորացման և բարձր մակարդակի շփումների շարունակման կարևորությունը։

Քննարկվել է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության խորացման առկա ներուժը, ինչպես նաև տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Հաղորդվում է նաև, որ Ջեյհուն Բայրամովը Դիրկ Լյոլկեին տեղեկացրել է Հարավային Կովկասում հետպատերազմյան իրավիճակի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

  • Կիսվել: