հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել, որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»․ Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ԱՄՆ վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել, որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»․ Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Հունիսի 8-ին, 2022թ. ֆիսկալ տարվա համար ԱՄՆ արտաքին օժանդակության բյուժեի նախագծի լսումների ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և հայկական հարցերով հետաքրքրված սենատորները, մասնավորապես հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու, Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու և հայ ռազմագերիների խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից:

Բարձրաձայնվել են նաև Թուրքիայի՝ հարևան բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող քաղաքականության և այդ երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների, մասնավորապես լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների հարցերը։ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչ է անում Վաշինգտոնը՝ «էրդողանական Թուրքիային հակազդելու համար»։ Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ, սենատոր Մենենդեսը մասնավորապես ասել է, որ ինքը հիասթափված է վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների հրաժարումից այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Մենենդեսը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և գերիներին անօրինաբար պահելու ետնապատկերի վրա, վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել, որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»։

«907-րդ բանաձևի» պահանջներից հրաժարվելու և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցերը բարձրացրեցին նաև Բրեդ Շերմանն ու Բարբարա Լին, վերջինս խնդիրը պետքարտուղարի հետ կքննարկի գրավոր ընթացակարգով։ Ի պատասխան հնչած դիտարկումների՝ պետքարտուղար Բլինքենը նշել է, թե բարձրացված հարցերը պետք է լինեն պետքարտուղարության ուշադրության տակ և, որ ինքն անձամբ աշխատել է գերիների վերադարձի և հակամարտության կարգավորմանն ուղղված գործնական բանակցությունների ուղղությամբ և փոքր ինչ առաջընթաց տեսնելու հույս ունի։ Թուրքիայի վերաբերյալ բարձրացված հարցերին ի պատասխան՝ Բլինքենը նկատել է, որ պետքարտուղարությունը կիսում է բարձրացված մտահոգությունները և Թուրքիային ուղղակիորեն ներգրավում են դրանց շուրջ քննարկումներում։

Մեկնաբանելով լսումները՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք միանում ենք մեր կոնգրեսական բարեկամներին` պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական և ցանկացած տեսակի օգնությունը Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուներից ոչ մի դոլար չպետք է փոխանցվի Ալիևի նավթով հարուստ, ռասիստական և բռնատիրական ռեժիմին»:

  • Կիսվել: