ԱՄՆ-ի առաջարկը թույլ կտա պահպանել Երևանի նոմինալ ինքնիշխանությունը Սյունիքի ճանապարհի հանդեպ. Forbes
Ամերիկյան Forbes-ը հրապարակել է թուրքական ծագում ունեցող բրիտանացի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզի հոդվածը, որտեղ վերջինս հարց է հնչեցնում. «Կարո՞ղ է արդյոք Հայաստանի տարածքի 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ ԱՄՆ-ի այն խորամանկ հնարքը, որ կհարվածի թե՛ Մոսկվային, թե՛ Թեհրանին»:
«Զանգեզուրի միջանցքը» հարյուր տարով վարձակալությամբ վերցնելու ամերիկյան խիզախ հայտը, մի կողմից, կարող է նպաստել միջազգային առևտրի ծավալի՝ 50-ից 100 միլիարդ դոլարով ընդլայնմանը, մյուս կողմից՝ Կովկասում սառը պատերազմի նոր փուլ հրահրել»,-գրում է հոդվածագիրը:
Նրա համոզմամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ամերիկյան նախագիծը կարող է փոխել ուժերի ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ դասավորվածությունը։
«Զանգեզուրի միջանցքին»՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ռազմավարական կարևորություն ունեցող 43 կիլոմետրանոց ճանապարհին վերաբերող իր հավակնոտ առաջարկով Վաշինգտոնը փորձում է դուրս գալ տասնամյակների փակուղուց, նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից, ինչպես նաև հակակշռել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի ազդեցությունն այս կարևորագույն տարանցիկ տարածաշրջանում», - գրում է Forbes-ի հեղինակը։
Հոդվածագիրը նաև հիշեցնում է Միացյալ Նահանգների նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենի հետևյալ խոսքերը․ «Տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողներ հանդիսացող Ռուսաստանի և Իրանի շուրջ կառուցվող ապագան անկայուն է և ոչ ցանկալի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար»։
Ըստ Forbes-ի հոդվածագրի՝ տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բանագնաց Լուիս Բոնոն էր, որ առաջ էր քաշել հաղորդակցության ուղիների միջազգային վերահսկողության գաղափարը, «հիմնվելով Պանամայի ջրանցքի և սառը պատերազմի տարիներին գոյություն ունեցած Բեռլինի միջանցքի նախադեպերի վրա»։
Սակայն, Forbes-ի փոխանցմամբ, ամերիկյան առաջարկը կյանքի կոչելու հարցում առկա գլխավոր խոչընդոտը կողմերի հակասություններն են։ «Ադրբեջանն անխոչընդոտ միջանցք է պահանջում՝ որպես 2023 թվականի իր ռազմական հաղթանակից բխող արտոնություն։ Հայաստանը կտրականապես հրաժարվում է իր ինքնիշխանությունը զիջել այդ տարածքի հանդեպ։ «Վարձակալության» ամերիկյան առաջարկը կորպորատիվ իրավունքի նորմերի կիրառման հնարամիտ փորձ է, որի դեպքում Բաքվին անվտանգության երաշխիքներ են տրամադրվում, միաժամանակ թույլ տալով, որ Երևանը պահպանի իր նոմինալ ինքնիշխանությունը [այդ տարածքի հանդեպ]»,-գրում է ամերիկյան հանդեսը։
«Միջանցքի ստեղծման հարցում հաջողությունն արմատապես կփոխի տարածաշրջանում ուժերի դինամիկան», - պնդում է Գյունեյ Յըլդըզը:
«Իրանը կարող է կորցնել իր տարանցիկ դերակատարության 20-ից 30 տոկոսը, երբ կխաթարվեն կարևորագույն առևտրային ուղիները, որոնցով տարեկան 43 հազար թուրքական բեռնատարներ անցնում են դեպի Կենտրոնական Ասիա։ Ռուսաստանն, իր հերթին, կարող է տարեկան 10-ից 20 միլիարդ դոլարի կորուստ ունենալ, իսկ էներգակիրների եվրոպական շուկայի հանդեպ Մոսկվայի ունեցած լծակները կարող են նվազել ևս 10-15 տոկոսվ»,-պարզաբանում է նա:
Միևնույն ժամանակ, սակայն, Յըլդըզը, սակայն, ընդգծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հեռանկարները դեռևս բավական մշուշոտ են։ Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գնահատմամբ՝ հաջողության հավանականությունը 40-ից 50 տոկոս է անգամ ՄԱԿ-ի տրամադրած երաշխիքների առկայության դեպքում։



