երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ դեսպանը բացատրել է Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ռազմական օգնության տարբերությունը ՀՀ-ի ՀԱՊԿ-ին անդամակցությամբ, ինչը սահմանափակում է օգնության հնարավորությունները

ԱՄՆ դեսպանը բացատրել է Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ռազմական օգնության տարբերությունը ՀՀ-ի ՀԱՊԿ-ին անդամակցությամբ, ինչը սահմանափակում է օգնության հնարավորությունները

Կարծում եմ, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ռազմական օգնություն չէ, այլ հակաահաբեկչական օգնություն է, որը կոչված է օգնելու Ադրբեջանին Իրանի հետ իր սահմանը ապահովման գործում, և լուծելու հակաահաբեկչական խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ և Ադրբեջանը մտավախություններ են կիսում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանին մի քանի անգամ գերազանցում Հայաստանին տրվող օգնությունից:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել»,- բացատրեց դեսպանը:

Դեսպանը հավաստել է, որ ԱՄՆ-ը բարձր մակարդակի որևէ տեխնոլոգիա չի տրամադրում Ադրբեջանին՝ սահմանային անվտանգության կամ հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում:

«Բայց այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, և դա շատ կարևոր է ռազմական և անվտանգության համագործակցության ոլորտում, դրանք համատեղ գործողություններն են, ինչպիսիք են` խաղաղապահ առաքելությունները Աֆղանստանում, Կոսովոյում և այլուր: Եվ մենք միասին աշխատել ենք օգնելու վերապատրաստել և բարձրացնել հայ զինվորականների բժշկական կարողությունները: Մենք ակնկալում ենք, որ կշարունակենք մասնակցել վարժանքներին, որոնք նպաստեցին այդ տեսակի կարողությունների էլ ավելի զարգացմանը: Մենք ունենք այլ փոխանակումներ ռազմական պատրաստվածության ոլորտում: Այնպես որ մենք կշարունակենք անել այնքան, որքան կարող ենք այդ ոլորտներում, մասնավորապես խաղաղապահության ոլորտում, որտեղ Հայաստանի ներդրումները շատ բարձր են գնահատվում: Բայց ռազմական վաճառքի և օգնության առումով, ինչպես ես ասացի, կան որոշ սահմանափակումներ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով»,- նշել է դիվանագետը:

  • Կիսվել: