շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օգոստոսի 7-ին ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կոստանդնուպոլսի հայկական «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին։

Հայրապետական իր օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց պոլսահայերի՝ Մայր Աթոռ այցի առիթով: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունը մեծ դերակատարություն է ունեցել ազգային, մշակութային, հոգեւոր եւ բարոյական արժեքների պահպանման գործում։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաեւ, որ մշտապես տեսել է պոլսահայ համայնքի զորավոր հավատքը եւ անվերապահ սերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ: Այս առնչությամբ Նորին Սրբությունը, վերհիշելով իր հովվապետական այցը Կոստանդնուպոլիս ուրախությամբ արձանագրեց, որ հակառակ բոլոր տեսակի դժվարությունների եւ փորձությունների, պոլսահայերը ամուր են պահել իրենց հավատքը, սրբություններն ու ազգային ինքնության գիտակցությունը։ 

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը բարեմաղթեց պոլսահայ ուխտավորներին, որ Աստծո օրհնության ներքո ապրեն խաղաղ եւ ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը եւ ավելի շենացնեն պոլսահայ կյանքը:

  • Կիսվել: