երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ամբողջական սահմանազատումից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի. Փաշինյան

Ամբողջական սահմանազատումից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի. Փաշինյան

Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Այս մասին Արմենպրես-ին տված հարցզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անադրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, եւ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը:

Փաշինյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել:

Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, եւ սա տրամաբանական է, որովհետեւ այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում:

Ամբողջական սահմանազատումից հետո, հետեւաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը:

Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետեւաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձեւաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի եւ երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատեւ աղբյուր դարձնելով՛՛:

Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ նկատի ունի, վարչապետը պատասխանել է. ՛՛Նկատի ունեմ, որ ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլեւ բուն վեճերից: Մենք պատրաստ ենք գնալ նման ճանապարհով: Այս փուլում լուծումներ ենք փնտրում նաեւ անհատական բնույթի հումանիտար խնդիրների մասով՛՛:

Հարցին, թե սահմանազատման գործընթացն արդյոք կշարունակվի՞, եթե այո՝ ո՞ր տեղամասում, Վարչապետը պատասխանել է. ՛՛Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի: Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի՛՛:

Նա խոսել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների հարցի մասին այն համատեքստում, որ Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը:

՛՛Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձեւով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել եւ անցնել երկաթուղու կառուցմանը՛՛,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: