կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը սպառնացել է վերանայել Եվրոպայի խորհրդում և ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցության հարցը

Ալիևը սպառնացել է վերանայել Եվրոպայի խորհրդում և ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցության հարցը

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է վերանայել Ադրբեջանի մասնակցության հարցը Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), եթե չվերականգնվեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության իրավունքները։

Ալիևն այս մասին ասել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանի պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն։ Եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, ապա ԵԽ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցության հարցը ադրբեջանական կողմից կվերանայվի»,- ասել է նա։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին Ադրբեջանի պատվիրակությանը մեկ տարով հեռացնելու որոշում էր կայացրել։ 

Ընդունված բանաձևում Վեհաժողովը վկայակոչել  է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում Վեհաժողովը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնել, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։

Վեհաժողովը հիշատակել  է նաև 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։

Խորհրդարանական վեհաժողովը նշել է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները: Լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողության, իշխանությունների բաժանման, գործադիրի համեմատ օրենսդիր իշխանության թուլության, դատական իշխանության անկախության և մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ։

  • Կիսվել: