ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը դարձյալ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ալիևը դարձյալ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանի տարածքով Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի կառուցման հարցում տեղաշարժ կա: Այս մասին նա խոսել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Ինչպես հայտնի է՝ ՛՛Զանգեզուրի միջանցքի մասին՛՛ ասվում է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստերում այս հարցում շատ լուրջ քայլեր են ձեռնարկվել։ Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի՛՛։

Նրա խոսքով՝ արդեն տրվել է Հորադիզ- Ագբանդ երկաթուղու կառուցման մեկնարկը, կառուցվելու է Օրդուբադից մինչև Հայաստանի հետ սահման 15-16 կիլոմետր երկարությամբ բացակայող տեղամասը:

Ադրբեջանի նախագահն ասել է նաև, որ արդեն գործում է Նախիջևանի երկաթգիծը, իրականացվում են ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ։ Իսկ Հորադիզ-Ագբանդ հատվածի շինարարությամբ Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքի ողջ ենթակառուցվածքը կստեղծվի:

Ալիևը բացատրել է, թե ինչու է այդ հարցը քննարկվում ՌԴ-ի հետ։ Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին, այդ իսկ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ՛՛։

  • Կիսվել: