Ալիևը` Ադրբեջանում ընտրախախտումներով անցած ընտրությունների մասին
«Խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր էին և աջակցելու են երկրում կատարվող բարեփոխումներին»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ անդրադառնալով փետրվարի 9-ին Ադրբեջանում բացահայտ ընտրախախտումներով ու կեղծիքներով անցկացված արտահերթ ընտրություններին։ Այս մասին գրում է minval.az կայքը։
«Խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացումը նպատակ ունի շարունակել ընթացող բարեփոխումները՝ առանց ժամանակ վատնելու: Երկրում իրականացվել են կառուցվածքային բարեփոխումներ, վերակազմավորվել են կառավարությունն ու նախագահի աշխատակազմը, և Միլլի Մեջլիսը չի կարողացել մի կողմում մնալ», - ասել է Ալիևը։
Նա վստահություն է հայտնել, որ այս ընտրությունները կարևոր դեր կխաղան Ադրբեջանի հետագա զարգացման գործում։
Ալիևը նաև նշել է, թե ընտրություններին մասնակցել են ռեկորդային քանակությամբ թեկնածուներ, ինչը «խոսում է ընտրությունների նկատմամբ մեծ վստահության մասին»:
«Մեկը հաղթում է, մեկը` պարտվում. յուրաքանչյուրը պետք է հաշտվի իրականության հետ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է, որ փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական նախընտրական միջավայրի, համապատասխան իրավական հիմքի և հավասար քաղաքական պայքարի բացակայության պայմաններում և պահանջել է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները: