հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը երեքշաբթի առավոտյան՝ յոթնօրյա ժամկետի ավարտից հետո, ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր հունվարի 23-ին։ Համապատասխան փաստաթուղթը երեքշաբթի հրապարակվել է երկրի օրենսդիր մարմնի կայքում։

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»,- ասված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, իսկ նրան կփոխարինի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, քանի որ վերջինս իր պաշտոնին ընտրվելու ժամանակ ստացել է ամենաշատ ձայները։

Ընդդիմության նախագահի թեկնածուի անունը դեռ հայտնի չէ, շրջանառվում է վարկած, որ ընդդիմադիրները թեկնածու չեն առաջադրելու։

Հիշեցնենք՝ կիրակի ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի առցանց տարբերակը տեղեկացրեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում որոշել է առաջադրել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Նա ԲՏԱ նախարար է նշանակվել 2021 թվականի օգոստոսին։ Կրթությամբ տնտեսագետ է։

Երկրի սահմանադրության համաձայն՝ մինչև նոր նախագահի ընտրությունը նրա պարտականությունները կկատարի խորհրդարանի նախագահը։ Նոր ընտրությունները պետք է անցկացվեն հանրապետության ղեկավարի հրաժարականն ընդունելու օրվանից ոչ շուտ, քան 25 և ոչ ուշ, քան 35 օր հետո։ Քանի որ Հայաստանը խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկիր է, նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից յոթ տարի ժամկետով։

  • Կիսվել: