շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության` նա Արթուր Դանիելյանի հետ ծեծկռտուքից հետո ուղեղի ցնցում է ստացել․ Փաստաբան

Ալեն Սիմոնյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության` նա Արթուր Դանիելյանի հետ ծեծկռտուքից հետո ուղեղի ցնցում է ստացել․ Փաստաբան

Երևանի կենտրոնում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում Ալեն Սիմոնյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, InfoPort.am-ին տեղեկացրեց Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

«Սիմոնյանը միջադեպի հետևանքով ստացել է ուղեղի ցնցում, հարվածի հատվածում այտուց: Նա 3 օր գտնվել է հիվանդանոցում, սակայն  արդեն տանն է ունի գլխացավ, գլխապտույտ»,- Ալեքսանդր Սիրունյանը։

Փաստաբանը նշեց նաև, որ ակնկալում է օբյեկտիվ քննություն: Ըստ Նրա Արթուր Դանիելյանը կատարել է խուլիգանական սադրանք, որի արդյունքում հասել է իր նպատակին: «Այս ամենի արդյունքում մենք ունենք փաստացի այն, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ստացել է ուղեղի ցնցում, քունքի շրջանում հարվածներ, ինչի վտանգավորությունը, ես կարծում եմ նույնիսկ կարիք չկա բացատրել: Իսկ թե ինչ է եղել Դանիելյանի հետ, թող պարզի դատաբժշկական փորձաքննությունը»,- նշեց փաստաբանը:

Նշենք, որ մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել, գործով տուժողներ ու մեղադրյալներ չկան: Ալեքսանդր Սիրունյանը նաեւ նշեց, որ քրեական գործի նյութերը Ոստիկանության Կենտրոնի բաժնից  փոխանցվել են ՀՔԾ:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը պատմել էր, որ փողոցում Արթուր Դանիելյանը իրեն վիրավորել էր, ինքն էլ ճակատով հարվածել է նրան, ինչի հետևանքով առաջացել էր վեճ։ Միջադեպի երկու մասնակիցները հաղորդում էին ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որոնց հիման վրա նախապատրաստվել էին նյութեր։

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ իրականացվելու է նախաքննությունը։

  • Կիսվել: