հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծով օտարերկրացի մարզիկների հետ պայմանագիր կնքելը կդյուրացվի

Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախագծով օտարերկրացի մարզիկների հետ պայմանագիր կնքելը կդյուրացվի

Խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նպատակը՝ օտարերկրացի մարզիկների` Հայաստանում աշխատանքային պայմանագիր կնքելու գործընթացը հեշտացնելն է:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, որ պայմանագիր կնքելու գործընթացը հեշտացվում է այն օտարերկրացի մարզիկների համար, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ, միաժամանակ կկնքեն մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաև՝ գործատուի հետ՝ աշխատանքային պայմանագիր։ 

Սիմոնյանը նշեց, որ հնարավորություն կտրվի, օրինակ՝ ֆուտբոլային ակումբներին այն ժամանակահատվածում, երբ նախատեսված է տրանսֆերային  պատուհանը, պայմանագրեր կնքել և լեգեոներներ հավաքագրել հայկական ֆուտբոլում խաղալու համար։ ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ քննարկումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ օրենքը վերաբերի ոչ միայն  ֆուտբոլին, այլև մնացած մարզաձևերին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ ընդգծեց, որ այն ոլորտը կարգավորող կարևոր նախագիծ է։ Ընդունվել են նաև Կառավարության ներկայացրած առաջարկները։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը նախաձեռնել է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության համակարգի ամբողջական փոփոխություն, և  գործողությունների ծրագիրը հաստատվել է ապրիլի 30-ին։ Ասաց՝ մինչև ընդհանուր փոփոխության իրականացումը այս նախաձեռնությունը ևս հնարավորություն կստեղծի օտարերկրացի մարզիկների համար ավելի դյուրացված կարգով ստանալ աշխատանքի թույլտվություն։

  • Կիսվել: