հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ․ Արարատ Միրզոյան

Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ․ Արարատ Միրզոյան

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում, Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար», - ասաց նախարարը։

Միրզոյանը հիշեցրեց ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Արցախի Փառուխ գյուղ՝ նշելով, որ այն նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին։

«Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով», - նշեց Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը շեշտեց, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիներին:

«Հայաստանը ԼՂ հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նույնը և այսօր: Ինչպես գիտեք, Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ դրանք, այնուամենայնիվ, ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը: Մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ եմզ համար սկզբունքային է ԼՂ իրավունքների և ԼՂ կարգավիճակի հարցը: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով: Մենք հետևողական ենք այս հարցում, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին և նախանշված ուղենիշներին»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ սահմանագոտում ձեռնարկել կայունության բարձրացման քայլեր, այնուհետև ձեռնամուխ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ, խորհրդակցություններ տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Այստեղ ևս հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ ավելի լայն առումով համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ ու նաև, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշում որոշելու դեպքում կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: