հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԳՆ ենք բերել նարդի, թենիս, դոմինո, թող զբաղվեն ու սփոփեն իրենց անգործությունը․ ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան

ԱԳՆ ենք բերել նարդի, թենիս, դոմինո, թող զբաղվեն ու սփոփեն իրենց անգործությունը․ ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան

ՀՀԿ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրեցին ԱԳ նախարարության շենքի դիմաց։

«Այդ շենքում 2018 թվականից ի վեր ընդմիջում է։ Դուք քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք»,-հայտարարեց ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Նա նշեց, ԱԳ նախարարության շենքում գտնվողների քաղաքականության հետևանքով է, որ Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվել է։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ու Ադրբեջանում անազատության մեջ պահվող այլ անձանց լուսանկարները, որոնց վրա գրված է «Ալիևի բանտարկյալները»։

Հենրիխ Դանիելյանը ԱԳՆ ղեկավարությանը մեղադրեց նախարարության շենքը տուրիստական գործակալության վերածելու համար։

«Այն հարկերը, որ ՀՀ քաղաքացին վճարում է, որ այս շենքում նստածներն աշխատավարձ ստանան ու աշխատեն ի նպաստ Հայաստանի՞ ու Արցախի՞, թե՞ ի նպաստ Ադրբեջանի ու ադրբեջանցու։ Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջանն է»,-հայտարարեց ելույթ ունեցողը՝ ընդգծելով, որ նախարարության ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով ունենք խայտառակ իրավիճակ միջազգային բոլոր հարթակներում, անվտանգության առումով, սահմաններին։

«Մենք այստեղ ենք՝ ասելու, չենք լռելու, չենք համակերպվել ու չենք համակերպվելու»,-ասաց նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց. «Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են սրանք, իսկ ԱԳՆ-ն ներկայացնում են Արաբաթի նման մարդիկ։ Իսկ այն մարդիկ, ովքեր կարողացան Արցախից հասնել Հայաստան, տեսան մի իրավիճակ, որտեղ հայրենիքի համար պայքարող արցախահայ երիտասարդները նստած էին բանտերում։

Ստացվում է, եթե մարդը չի հայտնվել Բաքվի բանտերում, օրվա իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի նրանք հայտնվեն Հայաստանի բանտերից մեկում։ Այսօր դատարկաձեռն չենք եկել, որպեսզի ԱԳՆ-ի անգործությունը մի քիչ մեղմվի ու ինչ-որ բանով զբաղվեն, նրանց բերել ենք տարբեր խաղեր՝ դոմինո, նարդի, թենիս, բատմինտոն, գոնե կկարողանան սփոփել իրենց անգործությունը։

Բերել ենք նաև ամենակարևորը՝ մոնոպոլիա, ինչը շատ հոգեհարզատ է սրանց։ Թե՛ այս խաղի մեջ, թե՛ այս իշխանությունների մոտ կա մի պրիցիպ՝ եթե ձեզ առաջարկում են շատ գումար, կվաճառեք ցանացած բան»,- ասաց երիտասարդներից մեկը։

  • Կիսվել: