Աղաջանյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուէյան գրառմամբ՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
՛՛Հանդիպման սկզբում երկուստեք բարձր է գնահատվել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման կարեւորությունը:
Դեսպան Սվենսոնը հույս է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքները կարեւոր ներդրում կդառնան հայ-շվեդական փոխգործակցության ընդլայնման գործում:
Անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը եւ ընդլայնմանը: Քննարկել ենք միջկառավարական, միջխորհրդարանական շփումների ակտիվացմանն առնչվող հարցեր:
Ես և պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել ենք, որ օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը:
Նշել եմ, որ ԱԺ 8-րդ գումարման բարեկամական խմբերը գտնվում են ձեւավորման փուլում եւ շուտով կտրվի նաեւ աշխատանքների ընթացքը:
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել դեսպանին նախորդ գումարման ընթացքում համատեղ աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ կարեւորել է հետագա համագործակցությունը՝ արդեն հանձնաժողովի կազմում տարվող աշխատանքների շրջանակներում: Հիշեցնեմ, որ պատգամավորը ղեկավարել է խորհրդարանական հայ-շվեդական բարեկամական խումբը:
Հաջորդիվ քննարկել ենք հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցեր:
Ներկայացրել եմ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել եմ կողմերի միջեւ գերիների փոխանակման հարցին: Նշել եմ, որ Ադրբեջանը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ ոտնահարելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Այս համատեքստում կարեւորել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մի շարք միջազգային կառույցների եւ գործընկերների ջանքերը՝ ուղղված եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին:
Ընդգծել ենք Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կարեւորությունը եւ այս տիրույթում Շվեդիայի կառավարության Հայաստանին ցուցաբերած ֆինանսական աջակցությունը: Կարեւորել ենք ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը՝ ուղղված Ազգային ժողովի դերի բարձրացմանը եւ աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:
Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ենք ձեռք բերել քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության եւ փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման վերաբերյալ՛՛,-նշել է Աղաջանյանը: