չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
ԱԳ փոխնախարարը Հունգարիայի պետքարտուղարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳ փոխնախարարը Հունգարիայի պետքարտուղարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ ջանքերը

Հուլիսի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» գծով պետական քարտուղար Տրիստան Ազբեյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ժամանակ կողմերը ողջունել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո արձանագրված նկատելի առաջընթացը, նշել բարձր մակարդակով փոխադարձ հանդիպումների արդյունքում ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնել է ԵՄ նախագահությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ՀՀ գործադրվող ջանքերը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

  • Կիսվել: