կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց  ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Ողջունելով հյուրերին` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսությունը և դերակատարների պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր հարթակներում առկա համագործակցության առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում փոխադարձաբար կարևորվեց միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման նշանակությունը՝ որպես երկկողմ օրակարգի բաղադրիչ:

Զրուցակիցներն ընդգծեցին միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխաջակցության և փոխվստահության ձևավորված ավանդույթը և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու այդ սերտ համագործակցությունը:

ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվեց,  որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և հանգուցալուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդների համար:

  • Կիսվել: