երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից. Բաքուն պնդում է՝ Լեռնային Ղարաբաղ չկա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից. Բաքուն պնդում է՝ Լեռնային Ղարաբաղ չկա. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի փոխանցված հիգ կետանոց առաջարկին Հայաստանը պատասխանել է թե հրապարակային, թե աշխատանքային դիվանագիտական խողովակներով, վստահեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը:

«Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն, պատճառն այն է, որ Հայաստանն իր հրապարակային ու դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր ու Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը. Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում մի կարևոր հարցի՝ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը. այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միաջզգային ամենատարբեր հարթակներում:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար:

«Եթե սխալվում ենք, թող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրվածություն ցուցաբերի: Պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա. սա է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը», - ասաց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: