ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝

- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,

- ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,

- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,

- ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։

«Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։

Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։

Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։

Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝

- Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից:

- Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:

Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝

Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված:

Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները):

Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։

  • Կիսվել: