կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը պարզ ասում է, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմով․ Աբրահամյան

Ադրբեջանը պարզ ասում է, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմով․ Աբրահամյան

Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ կա կոնկրետ պահանջ, որն իջեցված է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը պարզ ասում է՝ ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմով։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությամբ տեղի է ունեցել շատ մեծ փոփոխություն, Ադրբեջանի իշխանությունները նաև որոշակի գաղտնազերծում են անում։ Սա կա՛մ ենթադրում է ՀՀ-ի կողմից շատ մեծ տարածքային զիջումներ, կա՛մ այն, որ Ադրբեջանը կգնա արկածախնդրության ճանապարհով»,-ասաց նա։

Ըստ Աբրահամյանի՝ վերջին 10 օրվա իրադարձությունները, պաշտոնական Երևանից ու Բաքվից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել ու ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել։

Աբրահամյանի կարծիքով՝ բանակցային իրավիճակը չի զարգանում այնպես, ինչպես տարեվերջին էր զարգանում։

«Բաքվի ու Երևանի իշխանական տարբեր էշելոններից որոշակի դրական ազակներ էր փոխանցվում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ ընդհանուր փաստաթղթից փորձ է արվում դուրս բերել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող դրույթը։ Սրանք ՀՀ-Ադրբեջան բանակցությունների առանցքային երկու դրույթներն էին։ Միգուցե ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը գնում է խաղաղության ճանապարհով, բայց եթե այդ կարևոր դրույթները դուրս են մնում այդ փաստաթղթից, նշանակում է, որ եղած սպառալիքները չեն վերանում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: