ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանը Լաչինի միջանցքի բացման նախապայման է մատնանշում անցակետերի տեղադրումը

Ադրբեջանը Լաչինի միջանցքի բացման նախապայման է մատնանշում անցակետերի տեղադրումը

Այդ առաջարկը հայկական կողմին ներկայացվել է՝ որպես Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման լուծում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Լաչինի և Հայաստանի միջև անցակետ տեղադրելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին, որը նա արել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մենք գիտենք, որ խնդրի (Լաչինի միջանցքի ապաշրջափակման-խմբ․) լուծման կոչեր կան։ Որպես այդպիսի լուծում՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ կայացած հանդիպման ժամանակ, ապա նաև պանելային քննարկումների ընթացքում առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել «ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին»։ Դա կարող է ապահովել միջանցքի թափանցիկությունը, ինչի բացակայությունը լուրջ խնդիրներ ու հարցեր է առաջացնում։

Անցակետեր տեղադրելու առաջարկի քննարկումների ժամանակ միջազգային մեր գործընկերներից լսում ենք դրա նպատակահարմարության մասին փաստող գնահատականներ։ Մյունխենի հանդիպման ժամանակ այս առաջարկին հստակ պատասխան չի տրվել (Նիկոլ Փաշինյանի կողմից-խմբ․)։ Սակայն երկու օր անց Հայաստանի ԱԳ նախարարը, անդրադառնալով առաջարկին, առանց որևէ բացատրություն ներկայացնելու, հայտարարել է, որ այն Հայաստանի համար ընդունելի չէ»,- ասել է Բայրամովը և հավելել․

«Մենք հավատում ենք, որ մեր ջանքերը կօգնեն վերջ դնել Խոջալուի հանցագործությունների եւ Ադրբեջանի դեմ ագրեսիայի ընթացքում կատարված այլ ոճրագործությունների անպատժելիությանը։ Մենք արդարության կոչ ենք անում, ոչ թե վրեժխնդրության։ Կայուն խաղաղությունն անհնար է առանց արդարության: Պատասխանատվությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ հաշտեցման ճանապարհի անհրաժեշտ տարրն է։ Խոջալուն մեր ազգային վիշտն է։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերի մասին, եւ Խոջալուն ապացույցն է այն բանի, որ ոչինչ չի կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի ոգին»։

  • Կիսվել: