չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանը հույս է հայտնում, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ․ Նախարար

Հայաստանը հույս է հայտնում, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ․ Նախարար

Հայ-ադրբեջանական հարաբերություններում նկատված դրական միտումը չի շարունակվել, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց է գրանցվել:

Հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նշեց, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև կապուղի կա: Այդպիսի կապուղի կա նաև Արտաքին գործերի նախարարությունների, այլ գերատեսչությունների միջև:

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմբագրական առաջարկների փոխանակումը, պայմանագրի շուրջ բովանդակային քննարկումներն ընթանում են ԱԳ նախարարությունների ուղղությամբ: Բայց նաև մյուս կապուղիներով տեղի են ունենում ոչ պաշտոնական շփումներ»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին գերիների վերադարձի պայմանավորվածությանը՝ նախարարն ասաց, որ դա թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար շահավետ համաձայնություն էր:

«Ցավոք այս դրական միտումը չշարունակվեց գոնե մինչև այս պահը, ճիշտ հակառակը՝ և խաղաղության պայմանագրի տեքստի համատեքստում, և բարձր մակարդակով հանդիպումների վերականգնման համատեքստում: Նաև Ադրբեջանի նախագահի հարցազրույցի ֆոնին արդեն պաշտոնական դիրքորոշումների համատեքստում տեսնում ենք ճիշտ հակառակ գործընթացը՝ հետընթաց, ընդ որում՝ հետընթաց՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»,-ասաց Միրզոյանը:

Հետընթացը զգացվել է մի քանի շոշափելի, առանցքային ուղղությամբ, օրինակ՝ սահմանազատման հարցը, որտեղ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե նոր սահմաններ պետք է գծվեն, իսկ, եթե ոչ, ապա որպես հիմք պետք է օգտագործվեն նախախորհրդային ինչ-որ սահմաններ: Սրան զուգահեռ ԱԳ նախարարը մատնանշեց նաև Ալիևի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հայտարարությունները, պնդումը, թե ադրբեջանական ուժերը դուրս չեն գալու ՀՀ օկուպացված տարածքներից՝ կանխորոշելով սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը, նույնը՝ նաև կապուղիների ապաշրջափակման համատեքստում:

«Ինչևէ, ամփոփելով տեսնում ենք, որ այդ դրական միտումը չշարունակվեց: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում իր խաղաղության օրակարգին և նշված սկզբունքներին, որոնց մեծ մասով արդեն եղել են համաձայնություններ և պայմանավորվածություններ: Հույս ունենք, որ Ադրբեջանը շուտով կվերադառնա կառուցողական դաշտ և մեզ կհաջողվի ավարտին հասցնել վաղուց սկսված այս խաղաղության գործընթացը»,-ասաց ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: