հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. Արմեն Խաչատրյանը՝  ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցությանը

Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. Արմեն Խաչատրյանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցությանը

Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք, այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում, հայտնում է azatutyun.am-ը։

«Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», - ասել է պատգամավորը։

Խաչատրյանն առաջին պաշտոնյան է, որ հրապարակում է այս թիվը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Մինչ այդ վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը և թե ինչո՞ւ է մինչ այժմ այլ տվյալ հրապարակվել։

127 քառակուսի կմ-ի օկուպացիայի մասին բարձրաձայնած Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն էլ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել, թե սեպտեմբերին քանի դիրք է անցել ադրբեջանական զինուժի հսկողության տակ, որտե՞ղ են տեղակայված դրանք, ռազմավարական ի՞նչ նշանակություն ունեն։ Այսօր էլ խոսնակ Արամ Թորոսյանը փոխանցեց՝ դեռևս ճշգրտման աշխատանքներ են անում։ Դիրքային կորուստների մասին Թորոսյանը խոսել էր դեռ սեպտեմբերի 21-ին՝ Եռաբլուրում։

«Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ և՛ նյութական, և՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին Պաշտպանության նախարարությունը ամփոփ տեղեկատվություն կտրամադրի», - նշել է ՊՆ խոսնակը:

Սեպտեմբերի 13-ի արյունալի հարձակումը երեք ուղղությամբ էր՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի։ Զինվորականները այն ժամանակ պնդել էին, թե ադրբեջանական 10-12 հոգանոց խումբը դիրքավորվել էր Ջերմուկի ուղղությամբ և հավաստիացրել, թե դուրս կմղեն նրանց։ Ռազմական գործողություններից ամիսուկես անց էլ ադրբեջանցիները նույն տարածքում են, փաստում են Ջերմուկի բնակիչները։ Շիրակ Բունիաթյանի պնդմամբ՝ քաղաքից քիչ հեռու՝ սարի գլխին դիրքավորված ադրբեջանցիները ամենևին էլ շրջափակման մեջ չեն, նույն տեղում են և դեռ չեն սովածացել, կատակում է:

«Այսօր ունենք այլ իրականություն, չեն սովածացել դեռ: Ջերմուկից Արփայի կիրճով եթե բարձրանաս վերև, քաղաքից դուրս գաս, Արփայի կիրճով բարձրանալուց էդ բլուրներից մեկի վրա են: Որ Google-ով նայում ես, որտեղ որ ցույց է տալիս մեր պետական սահմանը, մոտ 8 կմ ներս: Իրենք անընդհատ ակտիվ շարժի մեջ են, ինչ-որ դիրքային փոփոխություն չի եղել, որտեղ ամսի 13-14-ին եկել են, մինչև օրս այնտեղ են, կոնկրետ թվաքանակ չեմ կարա ասեմ, համենայն դեպս, որ մի քիչ բարձրանում ես Ջերմուկից վերև, բլուրներից մեկն է տեսանելի, որտեղ իրենք նստած են ու ակտիվ ինժեներական աշխատանքներն արդեն ավարտվել են, դիրքավորվել են: Դե ընթացքում տեսել ենք, որ բեռնատարներով ինչ-որ պանելներ են մոտեցրել, մտածում ենք, որ նույնիսկ բետոնային աշխատանքներ են եղել, կռան ենք տեսել, տարբեր ծանր տեխնիկաներ տեսել ենք», - ներկայացրեց Բունիաթյանը:

Հարձակումից հետո գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն էր հայտարարել Ջերմուկի ուղղությամբ խորացած 10-12 հոգանոց ադրբեջանական խմբի մասին։ Ասրյանը նաև ցույց էր տվել տեղանքը, թե՝ գագաթի վրա են՝ հավելելով, որ եթե այդ խումբը ջուր ու սնունդ չստանա, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ:

«Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն` մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա», - ասել էր նա:

Այս հայտարարությունից ամիսուկես անց, փաստորեն, ադրբեջանական զինուժը ոչ միայն դուրս չի մղվել, այլև ինժեներական աշխատանքներն ավարտելուց հետո էլ ակտիվություն կա, ասում է Ջերմուկի բնակիչը՝ համոզմունք հայտնելով, որ այն իր ներկայությամբ իրապես կազդի տուրիզմի վրա։

«Եթե թուրքերը շարունակեն մնալ դիրքերում, որոնք հիմա զբաղեցնում են, հիմա ճիշտ է՝ տուրիստական պասիվ սեզոն է, կարելի է ասել սեզոնն ավարտվել էր համարյա, որ այս իրավիճակը ստեղծվեց, բայց մյուս տարի մեծ ակնկալիքներ պետք է չունենանք, եթե շարունակեն այդտեղ մնալ», - ընդգծեց Շիրակ Բունիաթյանը:

  • Կիսվել: