Մենք մի քանի սցենար ունենք, բայց կարծում եմ ընտրության ավարտից հետո միայն կարելի է խոսել, թե որ սցենարն ենք ընտրում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչ են անելու, եթե ՔՊ–ն չընտրի իրենց թեկնածու Լիլիթ Գալստյանին ՄԻՊ հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Հարցին՝ կիրացնե՞ք կրկին թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը, նա պատասխանեց. «Եվ իրացնելը, և չիրացնելը սցենարների մեջ կան, այսինքն կհասկանանք ընտրության արդյունքների ամփոփումից հետո վստահաբար կասենք ինչ ենք անում։ 

Մենք ունենք մեր թեկնածուն, առաջադրել ենք տիկին Գալստյանին ու  որևէ այլ թեկնածու չի առաջադրվելու։

Եթե չընտրեն Լիլիթ Գալստյանին, դա նշանակում է, որ իրենք չեն ուզում, որպեսզի տվյալ հանձնաժողովի ղեկավարը լինի ընդդիմադիր ներկայացուցիչ։ Խնդիրը անձի մեջ չի, նշանակում է քաղաքական դիրքավորում ունի իշխող մեծամասնությունը։ Այդ պատճառով է, որ մենք մտածում ենք թեկնածուի փոփոխության հարց ուղղակի չի կարող այստեղ քննարկվել»։

Աննա Գրիգորյանը նշեց, որ իրենք որևէ ազդակ չունեն ՔՊ–ից, թե ինչպես են նրանք քվեարկելու։

Նա նաև տեղեկացրեց, որ այլ հանձնաժողովների նախագահների ՔՊ–ական թեկնածուների քվեարկությանը իրենք չեն մասնակցելու։