երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանն այսօր այնպիսի ռազմական առավելություն ունի, որն արդեն իսկ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար․ ՔՊ պատգամավոր

Ադրբեջանն այսօր այնպիսի ռազմական առավելություն ունի, որն արդեն իսկ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար․ ՔՊ պատգամավոր

Մենք այցելություն ենք արել Ջերմուկի հատվածի սահմանային կետերը և մեր աչքով ենք տեսել այն, ինչը կա, լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մենք հետևում ենք այնտեղ իրականացվող աշխատանքներին, հատկապես՝ սահմանների կահավորման և անհրաժեշտ հենակետերի, դիրքերի պատրաստման աշխատանքներին: Այո, տեղեր կան, երբ սահմանագծում թշնամու դիրքերը և՛ հեռադիտակով են երևում, և՛ անզեն աչքով: Դիտողականություն կա, բայց այն հատվածից, որտեղից արդեն սահմանն ավարտվում է: Օրինակ Խոզնավարում տեղ ունենք, որ մի քանի մետր է դիրքերի տարբերությունը և նույնիսկ զինվորներն են երևում դեմքերով»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք վտանգ չի կարելի սպասել, որ Բերձորի շրջանում ադրբեջանական զինուժը նոր ռազմաբազա է կառուցում, Խաչատրյանն ասաց.

«Անվտանգային առումով սպառնալիքներ միշտ էլ կան՝ անկախ նրանից, թե Ադրբեջանը որտեղ է ռազմաբազա կառուցում: Ադրբեջանն այսօր այնպիսի ռազմական առավելություն ունի, որն արդեն իսկ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար, և այդ սպառնալիքները մենք տեսնում ենք նաև կյանքում են իրագործվում նրանց հարձակումների միջոցով: Այդ ռազմաբազան կկառուցեն, թե չեն կառուցի, այդքան էական բան չի փոխում, որովհետև ռազմական հավասարակշռությունը խախտված է և նրանք այդ գերակշռությունն ունեն: Մեր հիմնական նպատակն է, որպեսզի կարողանանք մեր զինված ուժերը բերել այն մակարդակին, որը համարժեք կլինի մեր առջև դրված սպառնալիքներին»:

Խոսելով ԵՄ դիտորդների սահմանին առկայության մասին՝ ՔՊ պատգամավորն ասաց. «Նրանք ինչքան մնան այնքան լավ, թեև վստահ եմ, որ դիտորդներն արդեն իսկ ունեն օբյեկտիվ եզրակացություններ այս ամենի վերաբերյալ, հատկապես ամենակարևոր հարցի վերաբերյալ, որ Ադրբեջանի կողմից եղել է հարձակում և եղել է ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիա: Շատ դրական եմ գնահատում դիտորդների ժամանելու փաստը, ես կողմ եմ, որ այո, նրանց ժամկետը երկարացվի»:

  • Կիսվել: