ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանին զենք վաճառող երկրները պայմանագրի մեջ պետք է կիրառման հստակ պայմաններ դնեն. Վարդանյան

Ադրբեջանին զենք վաճառող երկրները պայմանագրի մեջ պետք է կիրառման հստակ պայմաններ դնեն. Վարդանյան

Ադրբեջանին զենք վաճառող պետությունները պետք է պայմանագրերի մեջ հստակ պայմաններ դնեն, որոնցով մասնավորապես կարգելվի դա քաղաքացիական բնակչության վրա կիրառելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հուլիսյան հաղթական մարտերից հետո Հայաստանի ամրապնդված դիրքորոշումներին, որոնք ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին։ 

Անդրադառնալով արդյունավետ միջազգային մոնիտորինգի ներդրման անհրաժեշտությանը և դրա հնարավոր արդյունքներին՝ Վարդանյանը մասնավորապես ասաց. «Եթե կողմերը համաձայնության գան մշտադիտարկման միջազգային արդունավետ մեխանիզմի ներդրման շուրջ, ապա կարտահայտեն նաև իրենց համաձայնությունը՝պահպանելու այդ կանոնները: Եվ այդ տեսանկյունից միջնորդ` ԵԱՀԿ Մինսկի խումբը հնարավորություն կունենա ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ գործընթացին»:

Խոսելով վարչապետի կողմից նշված զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովման գործիքի մասին՝ պատգամավորը նկատեց, որ ուղիղ կապի առկայությունը շատ դեպքերում թույլ կտա խուսափել այն միջադեպերից, որոնք կարող են տեղի ունենալ այն պարագայում, երբ կողմերը որևէ դիտավորություն չեն ունեցել շեղվել այն զինադարարի ռեժիմից, որը սահմանվել է: Վարդանյանը կարծում է, որ դա կարող է նաև բարձրացնել վստահությունը կողմերի մոտ և կարևոր գործոն դառնալ թյուրըմբռնումներից խուսափելու համար: «Սակայն կգնա Ադրբեջանը սրան, թե ոչ, արդյոք այն ռազմատենչ հռետորաբանությունը, որ առկա է Ադրբեջանում, կօժանդակի, որպեսզի այս կարգի միջոցները ներդրվեն, դժվար է պատասխանել: Չեմ կարող ասել, թե Ադրբեջանն այս պահի դրությամբ կկարողանա՞ քաղաքական խիզախություն գտնել և գնալ այս քայլին»,-նշեց նա:

Անդրադառնալով քաղաքացիական բնակչության ուղղությամբ Ադրբեջանի կողմից զենքի կիրառմանը՝ Վարդանյանը նշեց՝ համոզմված է, որ այն դեպքը, որը տեղի են ունեցել ՀՀ սահմանին վերջին զարգացումների ընթացքում, նաև Ապրիլյան պատերազմի ընթացքում, նաև Ղարաբաղյան ռազմի ճակատում, քաղաքացիական բնակչության վրա ադրեբջանական զինուժի կողմից ուղղակի թիրախային հարձակումներ են եղել, որը դիտարկվում է ոչ թե որպես հարակից վնաս, այլ Ժնևյան կոնվենցիաների լուրջ խախտում կամ ռազմական հանցագործություն: 

«Պետությունները, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, պետք է հստակ հասկանան հետևյալը, որ պայմանագրի մեջ պետք է որոշակի պայմաններ դրվեն, թե ինչ պայմաններում և ինչպես պետք է օգտագործվի, մանսավորապես հստակ պահանջ պետք է լինի, որ այդ զենքը այսինչ հանգամքներից ելնելով չի կարող օգտագործվել այսինչ անձանց նկատմամբ»,-նշեց նա:

Վարդանյանը նաև նշեց, որ Մինսկի խումբը չունի այլնտրանք, ՀՀ-ն մշտապես ընդգծել է Մինսկի խմբում բանակցություններ վարելու անհրաժեշտությունը, այդ բանակցությունները պետք է շարունակվեն: Եվ խաղաղ բանակցությունները որևիցե եղանակով չպետք է դիտարկվեն որպես այլընտրանք՝ ռազմական գործողություններին: 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձություններին՝ նա նշեց. «Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ ՀՀ-ի և Արցախի հետ չի կարելի խոսել սպառնալիք և ուժ կիրառելու դիրքերից: Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ շարունակել այս գործընթացը խաղաղ բանակցությունների շրջանակում: Երրորդ՝ մենք ցույց տվեցինք, որ ՀՀ-ն ունակ է պաշտպանելու իր սահանները և երաշխավորել Արցախի Հանրապետության անվտանգությունը և Արցախի Հանրապետության բնակչության անվտանգությունը»:

  • Կիսվել: