շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Առաջարկում ենք Ադրբեջանի արևմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևան. Փաշինյան

Առաջարկում ենք Ադրբեջանի արևմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևան. Փաշինյան

Մենք Ադրբեջանին շատ կոնկրետ առաջարկ ենք արել, դա նույնիսկ առաջարկ չէ, այլ հարցի մի լուծում է, որը հաշվի է առնում և՛ Հայաստանի դիրքորոշումները, և՛ Ադրբեջանի: Այդ մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմային:

«Առաջարկում ենք, որ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններից, լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ երկաթուղային բեռնատար, և հակառակ ուղղությամբ, բայց նույն սկզբունքով՝ Երասխից Մեղրի, պարզ է՝ Հայաստանի տարածքով, կոնկրետ՝ Մեղրիով:

Ինչո՞ւ Մեղրիով, որովհետև մյուս երկաթուղին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա Տավուշի մարզում՝ Հաղարծինի հատվածում, սողանքի բերումով այնպիսի մեծ ավերածությունների է [ենթարկվել], որ այդտեղ երկաթուղին վերականգնելն մեծ ինվեստիցիաների հետ է կապված ու շատ բարդ խնդիր է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ կոմունիկացիաներն այն աստիճան կակտիվանան և եկամտաբերություն կապահովեն, որ այդ շատ մեծ ներդրումն իմաստ կունենա:

Փաշինյանը միաժամանակ ներկայացրեց նաև այս մասով իրատեսական տարբերակը:

«Էժան տարբերակը և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղով Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից, Մեղրիով Նախիջևան և հակառակ ուղղությամբ [ապահովելն է], և Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ, և Հայաստանը Ադրբեջանի տարածքով՝ միջազգային առևտրի համար, Ադրբեջանը Հայաստանի տարածքով՝ միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ առաջարկի կարևոր նրբությունն այն է, որ հաշվի առնելով մթնոլորտը, հարաբերությունների լարվածությունը՝ այս փուլում որոշ ժամանակ կսկսվեն  բեռնափոխադրումները, հետո երբ մթնոլորտն ավելի համապատասխան կլինի, կմտածեն նաև ուղևորափոխադրումների մասին:

«Մենք այդ առաջարկն արել ենք, անկեղծ ասած՝ սպասում ենք Ադրբեջանի դրական պատասխանին: Եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումներն իմանալով՝ այն, որ բանակցությունների ընթացքում արտահայտվել է, լավ չեմ պատկերացնում, թե ինչու դա պետք է մերժեն»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ այս առաջարկով երկու կողմերի առաջադրած խնդիրները լուծվում են:

Միաժամանակ Փաշինյանը չբացառեց, որ ինչ լուծում էլ լինի, ադրբեջանական կողմն իր ձևով է այն անվանելու, մեկնաբանելու, հայկական կողմը՝ իր:  

«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով»,- հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: