ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է. ԱԳ նախարար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության պաշտպանությունը Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է. ԱԳ նախարար

Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է:

Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների և 21000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում:

Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԼԻՖ-ի՝ Տավուշի և Սյունիքի մարզերի հայկական պատմամշակութային հուշարձանների նկարահանման և դրանց 3D ձևաչափով թվայնացման նպատակով կատարված աշխատանքները և այս ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:

ԱԼԻՖ-ը ստեղծվել է 2017թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցության արդյունքում։ Եզակի նախաձեռնություն է՝ ուղղված հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպա­նության մարտահրավերների հաղթահարմանը։ Համարվում է ժառանգության պաշտպանության և վերա­կանգնման առաջամարտիկ։ Ունի միջազգային կազմակերպության և միաժա­մանակ մասնավոր հիմնադրամի կարգավիճակ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: