շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի նման պահվածքն ավելի տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ. պատգամավոր

Ադրբեջանի նման պահվածքն ավելի տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ. պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ Արցախում ադրբեջանական միջամտությամբ  գազամատակարարման դադարեցման հարցը, Ադրբեջանի նման պահվածքը ավելի են ամրապնդում Հայաստանի դիրքերը ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ:   Վարդանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Այս բոլոր օրերի ընթացքում թե ՀՀ կառավարությունը, թե խորհրդարանական դիվանագիտությունը, թե համապատասխան կառույցները բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գործընկերներին տվյալ իրավիճակի մասին տեղյակ պահելու և խնդիրը հնարավորինս արագ լուծելու վերաբերյալ»,-ասաց Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ հարցին կառավարության նիստում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը:  Ադրբեջանի նման «արկածախնդրությունն» ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն:

«Մենք սրա մասին խոսել էինք ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ընթացքում և հետո, որ Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, Արցախում խոսքը գնում է ժողովուրդների իրավունքների մասին: Եվ այն վարվելակերպը և գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ըստ էության,  ավելի է ամրապնդում մեր դիրքերը,  մասնավորապես, ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ:  Այս ամենն, ըստ էության, առավել հիմնավոր, տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: