չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները․ Միրզոյան

Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականի սկզբից կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի Հանրապետության հետ  բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։

Նրա խոսքով՝ այդ ամենը վերաբերվում է  ընդհանուր խաղաղության գործընթացին, բայց նաև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատման գործընթացի մեկնարկին, նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմի համար շարունակելու են առանցքային մնալ մի շարք սկզբունքներ։

«Նախևառաջ, Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողնող ձևակերպումների։

Մյուսը՝ երկու երկրների միջև սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային Միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կազմված, ամուր իրավական հիմքեր ունեցող պաշտոնական քարտեզների հիման վրա։ Գիտեք, որ մշտապես խոսել ենք 1974-1978 թվականների քարտեզների մասին՝ որպես իմ նշած սկզբունքներն արտացոլող ամենաթարմ քարտեզներ։ Հետաքրքրական է, որ առաջարկ է եղել օգտագործել 1974-1990 թվականների քարտեզներ, այդ առաջարկը եղել է ադրբեջանական կողմինը։ Որոշակի ուսումնասիրությունից հետո ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը, բայց առաջ անցնելով նշեմ, որ, օրինակ, Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում։ 

Հայաստանի համար սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունը և իրավական առումով անխոցելիությունն առանցքային են»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ հետխորհրդային բոլոր երկրները (ոչ ոք հետագայում վերապահումներ չի արել) ընդունել են, որ խորհրդային հանրապետությունների բոլոր վարչական սահմանները ճանաչվում են որպես արդեն անկախ հանրապետությունների սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են այս սկզբունքը Պրահայում 2022 թվականին, ինչպես նաև հետագա հանդիպումների ժամանակ։

«Երրորդ կարևոր սկզբունքն այն է, որ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցական ուղիները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, ինչպես նաև փոխադարձության հիման վրա։ Մենք Ադրբեջանի հետ բազմաթիվ քննարկումներ ենք անցկացրել այս հարցի շուրջ և, ըստ էության, հասել ենք որոշակի փոխըմբռնման։ Բայց հաշվի առնելով վերջին ասուլիսը (Ալիևի-խմբ.) կարելի է արձանագրել նաև, որ հետընթաց է տեղի ունեցել։

Բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ընթացքում Երևանին և Բաքվին հաջողվեց փոխադարձ համաձայնության գալ խաղաղության պայմանագրի տեքստի որոշ ձևակերպումների շուրջ։ Բայց կան մի շարք առանցքային հարցեր, որոնց վերաբերյալ մոտեցումների տարբերություն կա»,- ընդգծեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

  • Կիսվել: