«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն ավելի է վատթարացնելու իրավիճակը և չի նպաստելու վստահության կառուցմանն ու լարվածության նվազեցմանը»․ ԵԽ գլխավոր քարտուղար
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը խոսել է Հարավային Կովկասում էսկալացիայի մասին: Նա նշել է, որ կիսում է առկա մտահոգությունները:
«Միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը էլ ավելի է վատթարացնում այնտեղ ստեղծված իրավիճակը։ Դա չի նպաստում վստահության ամրապնդմանը և լարվածության նվազեցմանը: Երբ սեպտեմբերին Լաչինը արգելափակվեց, ես կոչ արեցի վերականգնել ազատ տեղաշարժը, այժմ էլ նույնն եմ կրկնում։ Աներևակայելի է, թե որքան դժվար է այնտեղ ապրող մարդկանց համար:
Նաև ցանկանում եմ կոչ անել կողմերին շարունակելու բանակցությունները։ Երբ նրանք դարձան Եվրոպայի խորհրդի մաս, նրանք ընդունեցին, որ պետք է աշխատեն առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ:
Ավելորդ է նաև ասել, որ Եվրախորհրդի բոլոր մարմիններին պետք է հնարավորություն տրվի այցելել բոլոր տարածքներ, որտեղ գործում է մեր մանդատը: Որոշ մարմինների ներկայացուցիչներ ցանկացել են գնալ տարածաշրջան, քանի որ կողմերից հակասական տեղեկություններ են ստացվում: Կարծում եմ՝ լավագույն տարբերակն է՝ նրանց թույլատրել տեղում գնահատել իրավիճակը»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:


