չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ադրբեջանի հետ սերտ կապերը Անկարային թույլ չեն տալիս առաջ շարժվել Երևանի հետ կարգավորման գործընթացում

Ադրբեջանի հետ սերտ կապերը Անկարային թույլ չեն տալիս առաջ շարժվել Երևանի հետ կարգավորման գործընթացում

Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի նախկին ռեկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար այս պահին քաղաքական խոչընդոտից բացի, այլ արգելք չի տեսնում։ Այդ խոչընդոտը նա կապում է ադրբեջանական ներկա դիրքորոշման հետ։ Պրոֆեսորն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչն Անկարային թույլ չի տալիս առաջ շարժվել առանց Ադրբեջանի համաձայնության։ 

Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին և հետագա հավանական զարգացումներին։ 

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան նախընտրում է առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ դա կօգնի  Կովկասում Թուրքիայի ռազմավարական շահերին, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի մտադրությանը: 

Միջազգայնագետը նշել է՝ չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին և դիվանագիտական շրջանակների միջև շփումներին՝ այդուհանդերձ, Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի ստորագրումն Անկարայի համար դեռևս պայման է մնում։  

«Որքան հասկանում եմ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​շրջանակների միջև բանակցություններ են ընթանում և քայլեր են նախապատրաստվում կարգավորման ուղղությամբ։ Այնուամենայնիվ, կա մի պայման, որը դեռ մնում է․ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է, որը պետք է կնքվի, որպեսզի Թուրքիան շարժվի դեպի հարաբերությունների կարգավորում։ Դա արդեն որոշ ժամանակ է, ինչ Թուրքիայի նախագահ Էրդողանի պայմանն է, և որքան գիտեմ, այն դեռ չի փոխվել»,-նկատել է թուրք միջազգայնագետը։  

Մուստաֆա Այդընն, այդուհանդերձ, մատնանշել է մի շարք գործոններ և հանգամանքներ, որոնք այս պահին առկա են հայ-թուրքական հարաբերություններում։ 

«Ստամբուլից Երևան տեղի են ունենում ամենօրյա չվերթներ, Հայաստանն ու Թուրքիան, իհարկե, երրորդ կողմերի՝ հատկապես Վրաստանի տարածքով, առևտուր են անում, հայերն ու թուրքերը կարողանում են ճանապարհորդել միմյանց երկրներ և այլն: Այնպես որ, այդ առումով հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են ու նորմալ են»,-մատնանշել է զրուցակիցը։  

Գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ներկա մակարդակը և ընթացքը՝ Մուստաֆա Այդընն ընդգծել է, որ Թուրքիայում նկատվում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր է ձեռնարկում, ինչի արդյունքում փոխվել է նաև բանակցային հռետորաբանությունը։ 

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը հայկական կողմից արվող քայլերը նկատել է, և Անկարան ընդունում է, որ դա բավականին կարևոր է: Դրա շնորհիվ էլ երկու երկրների միջև այս դիվանագիտական ​​բանակցությունները շարունակվում են: Միակ խոչընդոտն ու արգելքը քաղաքական է, քանի որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչը Թուրքիային թույլ չի տալիս առաջ գնալ առանց Ադրբեջանի համաձայնության: Օրինակ, վերջին անգամ, երբ Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին կապերի մերձեցման և հարաբերությունների կարգավորման արձանագրություններն, այն ժամանակ Ադրբեջանի կողմից մեծ արձագանք եղավ․ ադրբեջանցիները դժգոհում էին, որ Թուրքիան իրենց հետ չի խոսում, չի բացատրում և այլն: Եվ նման արձագանքը հասարակական կարծիք է ստեղծել Թուրքիայում՝ շատ ուշադիր հետևելու համար ադրբեջանական դիրքորոշմանը: Այսպիսով, Թուրքիայի ցանկացած կառավարություն ճնշման կենթարկվի երկրի հասարակության կողմից, որպեսզի Անկարան Բաքվին միայնակ չթողնի»,-նկատել է թուրք պրոֆեսորը:  

Վերջինիս դիտարկմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ինչպես զարգացած տնտեսական, այնպես էլ ռազմական համագործակցություն, ուստի շատ դժվար է դադարեցնել Ադրբեջանի հետ Թուրքիայի ներգրավվածությունը կամ տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերությունները թուրք-հայկական հարաբերություններից: 

Մուստաֆա Այդընն, այդուհանդերձ, կարծիք է հայտնել, որ Թուրքիան ցանկանում է առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում։ 

«Կարծում եմ՝ Թուրքիան նախընտրում է առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ այն օգնում է Կովկասում Թուրքիայի ռազմավարական շահերին: Դա միանշանակ նաև կօգնի Հայաստանի ներկայիս իշխանության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի մտադրությանը: Կարծում եմ, որ այս ամենը ձեռնտու է նաև Թուրքիային: Բայց կրկնում եմ, որ այստեղ կա հսկայական հասարակական կապ, և գրեթե անհնար է անտեսել ադրբեջանական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման հարցում»,-նշել է միջազգային հարաբերությունների պրոֆեսորը: 

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Թուրքիան ավելի հեշտորեն կկարգավորե՞ր Հայաստանի հետ իր հարաբերությունները, եթե չլիներ ադրբեջանական ճնշումը կամ նման դիրքորոշումը՝ թուրք պրոֆեսորը չի բացառել այդ սցենարը, սակայն, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարել հաշվի առնել նաև մեկ այլ հանգամանք․

«Կարծում եմ՝ կարող էր այդպես լինել։ Իհարկե, եթե սկսեք խոսել նորմալացման մասին, ապա բանավեճի մեջ են մտնում նաև ամենատարբեր դերակատարներ, և նրանք բոլորն ունեն տարբեր տեսակետներ և կարծիքներ, բայց այս պահին ես հարաբերությունների կարգավորման համար մեծ խոչընդոտ չեմ տեսնում»,- ասել է նա՝ հավելելով, որ միակ բանը, որ կարող է պատկերացնել, Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի պահանջն է։ 

Պրոֆեսորը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տարբեր փուլերում նաև հենց Թուրքիան է բարձրացրել Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցեր։ 

«Թեև Թուրքիան հիմա դա չի անում, սակայն այդ իրավիճակը կարող է ստեղծվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում․ 1990-ականներին, երբ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ խոսվում էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության հետ, այն ժամանակ ևս կային նման խոսակցություններ, որովհետև Հայաստանի Անկախության հռչակագիրը վերաբերում է նաև այն տարածքներին, որոնք այժմ Թուրքիայի մաս են կազմում: Բայց Թուրքիան հիմա դա չի անում: Այնպես որ, ես ենթադրում եմ, որ եթե ոչ մի ադրբեջանցի այդ հարցը չբարձրացներ, ապա դա կարող էր անել Թուրքիան: Կարծում եմ, որ Թուրքիան մի տեսակ սպասողական վիճակում է՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-եզրափակել է Մուստաֆա Այդընը: 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1217900

  • Կիսվել: