ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել. Սամվել Բաբայան

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել. Սամվել Բաբայան

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Միասնական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարությունները, ըստ որոնց՝ նա ասել էր, որ Արցախի բնակչությունը կամ պետք է ընդունի Ադրբեջանի քաղաքացիություն, կամ իր համար բնակության այլ վայր փնտրի:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանի նախագահն ինչ ուզում է ասի, բայց մենք ապրելու ենք Արցախում, ապրելու ենք անկախ, մեր հռչակագրի ու ժողովրդի ընտրած ճանապարհով, պաշտպանելու ենք մեր երկիրը։ Ալիևը պետք է լուրջ նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի՝ ես հրավիրում եմ Բաքու։ Բայց քանի որ նա դեռևս խորը չի գիտակցում Արցախը, նման հայտարարությունները մեզ չեն վերաբերում՛՛։

Ըստ Բաբայանի՝ ադրբեջանական կողմն անկեղծ չէ. ՛՛Պետք է հստակեցնի բանակցային թեման։ Առաջարկել էի, որ արցախյան կողմը ձևակերպի այն կետերը, որոնք փոխվստահություն են ներշնչելու երկու կողմին։ Դրանից հետո լսել ադրբեջանցիներին, եթե նրանք կընդունեն այդ կետերը, նոր խոսենք այլ հարցերի շուրջ։ Ադրբեջանը վերջից է սկսում խոսելը, առանց փոխվստահություն ձեռք բերելու, ասում է՝ պետք է անեք այս կամ այն բանը։ Արցախի հետ վերջնագրով խոսելը լավ բանի չի բերում, խորհուրդ կտայի, որ սկսեն փոխվստահությունից՛՛։

Բաբայանը նաև հավելեց, որ Արցախի ժողովուրդը 1991 թվականին հանրաքվե է անցկացրել, անկախություն է հռչակել ու որևէ մեկին չի տվել լիազորություն, որ ՛՛այդ մեկն իրավունք ունենա գնալ բանակցել այլ կոնտեքստում՛՛։

՛՛Ժողովրդից պետք է մանդատ ստանաս, եթե ժողովուրդն ասի՝ գնա բանակցի Ադրբեջանի հետ ինտեգրացում, նոր կգնաս կանես։ Եթե ոչ, ապա պարտադիր ես դուրս չգալ Արցախի անկախության հռչակագրի սահմաններից։

Ադրբեջանի հետ ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն է, խոսողին պետք է դատել։ Արցախի միակ կարգավիճակը անկախությունն է։ Եթե անգամ այլ կարգավիճակ պետք է ստանանք, դրա համար պետք է հանրաքվե անցկացնել Արցախում, ստանալ մանդատ, նոր միայն գնալ բանակցությունների։ Պարտվել ենք մեր մեղքով, այլ ոչ թե որ Ադրբեջանը ուժեղ է եղել՛՛,-ասաց նա:

Հարցին՝ ինչ  կարգավիճակ է պատկերացնում ինքն Արցախի համար, և արդյոք Արցախում պատրա՞ստ են պատերազմի, Բաբայանը պատասխանեց․ ՛՛Մենք պատրաստ ենք ամեն ինչի և պատրաստվելու ենք։

Մենք ցանկացած խնդիր լուծելու ենք, եթե Ադրբեջանը ցանկանում է իրոք բանակցություններ, պետք է օրակարգ հստակեցնել՝ ի՛նչ քայլերով ենք գնում և ինչի՛ մասին ենք խոսում՛՛։

Նա նաև ասաց, որ Արցախը պետք է պաշտպանված լինի բացարձակապես իր ուժերով, իր բանակով․ ՛՛Ինչ կարգավիճակ կստանա՝ անկախ, լրիվ անկախ, Արցախը պիտի ունենա իր պաշտպանությունը՛՛:

  • Կիսվել: