երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանի գործողությունները տեղավորվում են ցեղասպան քաղաքականության մեջ. Արման Թաթոյան

Ադրբեջանի գործողությունները տեղավորվում են ցեղասպան քաղաքականության մեջ. Արման Թաթոյան

Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծած պատերազմը Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող ինստիտուցիոնալ հիմքերով ատելության ու թշնամանքի քաղաքականության հետևանք էր: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը:

«Դա արվում էր երկու հիմնարար հենասյուներով՝ կրոնական ու էթնիկական պատկանելիություն: Արցախում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտումների հետևանք: Ընդհանուր առմամբ, այս ամենը տեղավորվում է ցեղասպան քաղաքականության մեջ»,-ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում, դրանից հետո համագործակցել են Արցախի գործընկերների հետ, հավաքագրվել են պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցանքների ապացույցները: Արման Թաթոյանն այս գործում համագործակցության համար շնորհակալություն հայտնեց բոլոր ուժային կառույցներին:

Արման Թաթոյանը նշեց, որ հիմա էլ Հայաստանի սահմաններին շարունակվում են սպառնալիքներն Ադրբեջանի կողմից: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ հասարակությանն ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով:

«Մենք պետք է ունենանք մեր սեփական երաշխիքները: Պատերազմ որևէ մեկը չի ուզում, թշնամանք, որևէ մեկը չի ուզում, բայց մենք չենք կարող մեզ մոլորեցնել ու համոզել, որ այդ ամենն ավարտված է: Այդ ամենն ավարտված չէ, և մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները: Ժամանակը մեր դեմ է աշխատում, մենք պետք է արագ գործենք»,-ասաց Արման Թաթոյանը:

  • Կիսվել: