կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Հայաստանի Սահմանադրության մեջ արտացոլված «մեր տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները  պետք է վերացվեն»․ Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի Սահմանադրության մեջ արտացոլված «մեր տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն»․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է «իր հայտարարություններով միջազգային հանրությանը մոլորեցնելու համար»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն է հայտարարել, որ թեև Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի կոչերի ֆոնին «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային հանրությանը մոլորեցնող հայտարարությունները ցավալի են»։

Հաջիզադեն, մասնավորապես նշել է, որ Փաշինյանը, Մյունխենում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի պաշտպանվում միջազգային հանրության կողմից», ապա Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է, թե «Հայաստանի վարչապետը ոչ թե ասում է, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնություններն անհիմն են, այլ միջազգային հանրության կողմից չաջակցվող գործողութունների շարունակությունն է անհիմն»։

«Սա ևս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի պնդումները դեռ շարունակվում են։ Այս առումով Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում արտացոլված մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Հաջիզադեն Հայաստանին մեղադրել է նաև «զինված ուժերը Ադրբեջանի տարածքից դուրս չբերելու և հաղորդակցության ուղիները բացելու պարտավորությունները չկատարելու համար»։

 

  • Կիսվել: