Ադրբեջանի ԱԳ նախարարը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրության «փոփոխության անհրաժեշտության» մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում հանդես է եկել ելույթով՝ լուրջ մտահոգություն հայտնելով անվտանգության իրավիճակի վատթարացման, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում վերջին ռազմական իրադարձությունների վերաբերյալ:
Նա խստորեն դատապարտել է Թուրքիայի տարածքի հրթիռակոծումը, ինչպես նաեւ Նախիջեւանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհները։
Բայրամովն անդրադարձել է նաեւ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին՝ հաստատելով «Ադրբեջանի հանձնառությունը՝ կարգավորելու հարաբերությունները եւ հաստատելու Հարավային Կովկասում կայուն խաղաղություն 2025թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովից հետո»:
Ադրբեջանի ԱԳ նախարարը ՀՀ-ի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու եւ կայուն խաղաղության հասնելու համար դարձյալ հաստատել է Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջների» վերացման անհրաժեշտությունը, որոնք, ըստ նրա, «մնում են ամրագրված Հայաստանի Սահմանադրության մեջ»։


