հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանցու հետ հաց կիսելու ցանկություն չունենք, դրա համար երեկ ընթրիքին չենք գնացել․ Խաչատրյան

Ադրբեջանցու հետ հաց կիսելու ցանկություն չունենք, դրա համար երեկ ընթրիքին չենք գնացել․ Խաչատրյան

Նախնական քննարկում, դիրքորոշումների ճշգրտում իշխանության ներկայացուցիչների հետ, բնականաբար, չի եղել, որովհետեւ մինչ այս միջոցառումը մեր հայտնած դիրքորոշումներն այնքան տարբեր ու սկզբունքային էին, որ խոսել ընդհանրության մասին հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Եվրանեստթ» ԽՎ նիստերում հայ պատգամավորների կեցվածքի մասին:

«Դուք լսեցիք իշխանության ներկայացուցիչների ելույթները, ընդհանուր ֆրազներ, քաղաքական որեւէ հնչողություն չկար, որեւէ ուղերձ չէր հղվում: Լսեցիք նաեւ ընդդիմության ներկայացուցիչների ելույթները:Մենք հստակ ասացինք, որ եթե Ադրբեջանը կամ որեւէ մեկը այլ տեղ կարծում է, որ Արցախի հարցը լուծված է եւ լուծված է ուժով, չարաչար սխալվում է: Ես ուրախ եմ, որ սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության անդամ եւ համազեկուցող տիկին Կալյուրանդը նույնպես կիսեց մեր այդ կարծիքը, որ Արցախի հարցը լուծված չէ եւ հնարավոր չէ լուծել ուժող:

Նաեւ մենք խոսեցինք ճանապարհների շրջափակման մասին, որ Ադրբեջանը խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, մինչդեռ առաջին բանը, որ արեցին շրջափակեցին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Քարվաճառի ճանապարհը, հիմա պլանավորում են կառուցել նոր ճանապարհ, որը կշրձջանցի Շուշին, այսինքնկա ռիսկ, որ հայկական բնակավայրերը, մասնավորապես Բերձորը, Աղավնոն եւ Բերդաձորը կարող են մնալ որպես անկլավ: Նաեւ խոսելով տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման մասին, ադրբեջանցիք շրջափակեցին դեպի Իրան տանող մեր հիմնական ճանապարհը:

Գերիների մասով ասացինք, որ գերիների թիվն իրենք այդպես էլ չեն հայտարարում, որ գերիներից շատերը տանջամահ են արվել, գերիների մի մասն իրենց ձեռքում է եւ գերիներին օգտագործում են որպես քաղաքական լծակ»,-հայտարարեց Խաչատրյանը:

Նրա խոսքով, ադրբեջանիցները հայտարարեցին, որ գերիները, որոնք եղել են նոյեմբերի 9-ի կեսգիշերի դրությամբ, վերադարձվել են. «Այսինքն սրանք այն գերիներն են, որոնք գերի են վերցվել պատերազմից հետո, որը իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ գերիների ամբողջական ցանկ, ով երբե, որտեղից է գերի վերցվել, այդպես էլ չկա»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Նա հավելեց, որ ադրբեջանցիների կարծիքով ոչ միայն գերիների, այլեւ բոլոր հարցերը լուծված են. «Ադրբեջանի հետ խոսելու խնդիր մենք, իհարկե, չունենք: Մենք նաեւ երեկ չենք գնացել պաշտոնական ընթրիքի, որովհետեւ ադրբեջանցիների հետ ոչ ես, ոչ «Հայաստան» խմբակցության, ոչ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հաց կիսելու ցանկություն չունեն»:

  • Կիսվել: