Ադրբեջանական բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը պետք է դրվի նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակի բանակցային սեղանին. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Բաքվում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ելնելով այն փաստից, որ այս գործընթացը ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական բնույթ է կրում, ես պնդում եմ, որ ադրբեջանական բանտերում պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը պետք է դրվի նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակի բանակցային սեղանին։
Եթե մենք իրապես լուծում ենք փնտրում և ցանկանում ենք, որ այդ մարդիկ ազատ արձակվեն, պետք է շարժվել հենց այդ ճանապարհով։ Իսկ եթե նպատակն ընդամենը ցանկության իմիտացիա ստեղծելն է, ապա կարելի է բավարարվել անգամ գործը Եվրոպական դատարան հասցնելով կամ Եվրոխորհրդարանի ելույթներով»: