չորեքշաբթի, դեկտեմբեր 2
2 / 12 / 2020
Ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով. Մնացականյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Ադրբեջանական ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով. Մնացականյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը:

Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

Նախարար Մնացականյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիան ուղեկցվում է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, կրոնական և պաշտամունքի վայրերի անխտրական թիրախավորմամբ։

«Այս ամենը հանդիսանում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված էքզիստենցիալ սպառնալիք, ինչին միջազգային հանրությունը կարող է հակազդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման՝ անկախության ճանաչման միջոցով»,- նշել է նա:

ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։

Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրականացման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ առաձնահատուկ ընդգծելով խոսնակ Նենսի Փելոսիի անձնական ներդրումը։

  • Կիսվել: