շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալվերդիում թեժ մարտեր են սպասվում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ․ «Հրապարակ»

Ալվերդիում թեժ մարտեր են սպասվում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ալավերդիում այսօր թեժ մարտեր են սպասվում, ՔՊ-ն՝ «սպարապետ» Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, Ալավերդին զավթելու օպերացիան է փորձելու կյանքի կոչել։ Եվ դրա համար կարգել են հենց Պապիկյանին, որ նրան վերջնականապես հեղինակազրկեն, եւ նա երբեւէ վտանգ չսպառնա Փաշինյանի աթոռին:

Մեկ տարի առաջ ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը իշխանականները չեն մարսում, սկզբում ընտրված համայնքապետին փորձեցին քրեական գործերով ու ստուգումներով վախեցնել եւ ստիպել, որ հրաժարվի` չստացվեց: Անցան «մարդագողության» մեթոդին․ ավագանու անդամ Սիմոն Զախարյանին խոստացել են քաղաքի գլխավոր բժշկի պաշտոնը՝ իրենց կողմն անցնելու դեպքում։ Ստանալով ավագանու մեկ մանդատի առավելություն` անցած շաբաթ ՔՊ-ն նախաձեռնեց Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Նախատեսում են համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Նախկին ՀՀԿ անդամ, ՀՀԿ Շնողի պատասխանատու, Շնողի նախկին գյուղապետ Ղումաշյանը մարզում ամենավարկաբեկված անձանցից է, բայց նրան հովանավորում է պաշտպանության նախարար, ստեփանավանցի Սուրեն Պապիկյանը, եւ ՔՊ-ն որոշել է մարզի բնակչության հարգանքը չվայելող այս անձին խոշորացված համայնքի ղեկավար կարգել։ Մամուլը լի է Պապիկյանի հովանավորյալի մասին աղմկահարույց նյութերով։ 2018 թ. մարտին, համաձայն մամուլի հրապարակումների, լինելով գյուղապետ՝ նա ծեծի է ենթարկել գյուղացիներին: Ոստիկանությունում դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել։ Նման մի պատմություն էլ տեղի է ունեցել այս տարվա հուլիսին, երբ արդեն որպես ՔՊ խմբակցության ղեկավար է ծեծկռտուքի մասնակից դարձել, սակայն այս անգամ քրեական գործ չհարուցվեց։ Չարաշահումների պատմություն էլ կա՝ այս անձի հետ կապված։ Եվ սրանք ՔՊ-ի քաղաքապետացուի հարուստ անցյալից ընդամենը պատառիկներ են։ 

Ինչեւէ, իմպիչմենթի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո երրորդ օրը, այսինքն՝ այսօր, ժամը 10.00-ին, ավագանին պետք է նիստ գումարի եւ քննարկի հարցը, որից հետո նաեւ քվեարկություն է նախատեսված՝ նոր թեկնածուին ընտրելու համար։ Սակայն նիստ գումարելու լիազորությունը, ըստ օրենքի, համայնքապետինն է, իսկ Արկադի Թամազյանը չի պատրաստվում նիստ գումարել՝ հիմնավորմամբ, որ ավագանին մոտ մեկ տարի իրավունք չունի իմպիչմենթի գործընթաց նախաձեռնել։ Բանն այն է, որ անցած ամիս «Ապրելու երկիրը» նման ֆիկտիվ գործընթաց էր նախաձեռնել՝ Ալավերդու իշխանություններին ՔՊ-ի հնարավոր հարձակումներից գոնե մեկ տարի պաշտպանելու համար: Գործընթացն ավարտին չհասավ՝ քվորում չապահովվեց, որ նիստ հրավիրեին եւ քննարկեին, ապա քվեարկություն իրականացնեին, սակայն «Ապրելու երկիրը» չի պատրաստվում հանձնվել: Նրանք կարծում են, որ անվստահության գործընթացն արդեն իսկ հոկտեմբերի 19-ին իրականացվել է` անկախ նրանից, որ նիստը չի կայացել, ուստի հաջորդ նման գործընթացը կարող է միայն մեկ տարի հետո լինել։

Արկադի Թամազյանն իրենց այս փաստարկներն օրերս գրավոր ներկայացրել է իմպիչմենթ պահանջող ՔՊ ավագանու նախաձեռնող խմբին: Այդ դիմումում մասնավորապես նշվում է, որ համայնքի ավագանին մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին 19-ին հրավիրած նիստին չներկայանալով եւս իր դիրքորոշումը հայտնել է իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ, ուստի Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան 2024 թվականի հոկտեմբերի 19-ին` «անկախ այն հանգամանքից, թե ավագանին ինչ հիմքով կամ պատճառով որոշում չի ընդունել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշման նախագծի վերաբերյալ, հակառակ դեպքում ուղղակիորեն խախտվում է ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետային սահմանափակումը»։

Նշենք, որ նշված հոդվածի համաձայն, «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել  համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց եւ անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո»։ 

Իհարկե, օրենքը կարող են տարբեր կերպ մեկնաբանել, բայց Թամազյանը կարծում է, որ դրա համար կա դատարան` թող դիմեն դատարան, դատարանը որոշի։ Ուստի ենթադրվում է, որ այսօրվա նիստը թեժ է անցնելու, ՔՊ-ն փորձելու է բռնի ուժով այն գումարել, չի բացառվում, որ նաեւ բախումներ լինեն` իշխանությունը կարմիր բերետավորներ է տանում Ալավերդի, պատրաստվում է նաեւ ընդդիմությունը։

Ի դեպ, Ալավերդու համայնքապետն օրերս դիմել է կառավարություն՝ խնդրելով վաղաժամ դադարեցնել համայնքի ավագանու լիազորությունները, քանի որ արդեն 3 ամիս նիստեր չեն կայանում: Օրենքը թույլ է տալիս` 3 ամիս անընդմեջ նիստերը տապալվելու դեպքում կառավարությունը կարող է ցրել ավագանին ու նոր ընտրություններ նշանակել: Ինչը, բնականաբար, կառավարությունը չի անի, քանի որ նոր ընտրություններում ավելի խայտառակ պարտություն կկրի: Ավելի հեշտ է զոռբայությամբ եւ անօրինականությամբ խլել իշխանությունը։

Մենք տեղեկացանք, որ Թամազյանին Ալավերդիում բնակչությունը հարգում է եւ պատրաստվում է վաղ առավոտից հավաքվել համայնքապետարանի դիմաց, որպեսզի թույլ չտան զավթել իշխանությունը: Իշխանությունն արդեն քանի օր է՝ տեռորի է ենթարկում ալավերդցիներին` հայտնաբերում են Թամազյանի կողմնակիցներին, սպառնում, որ ակցիայի մասնակիցները կպատժվեն: Օրինակ, Շնողի համայնքապետարանում բանվոր աշխատող Դավիթ Ասլիզադյանին ՔՊ քաղաքապետացու Դավիթ Ղումաշյանն անձամբ է հորդորել չմասնակցել հավաքին։ 

Ասլիզադյանը մեր զրույցում զգուշորեն էր արտահայտվում, նախ ասաց, թե լավ կլինի, որ Թամազյանը մնա, «ռայոնի մակարդակով լավ գործ ա անում», հետո, թերեւս կանխատեսելով վտանգը, ասաց, թե ով էլ լինի, «մենակ թե աշխատի»․ «Ես չգիտեմ՝ էդ ցույցին գնալու եմ, թե մնալու եմ, որովհետեւ գործեր ունեմ, եթե ստեղ լինեմ, կորոշեմ՝ գնամ, թե մնամ»: Հարցրինք՝ զգուշացրե՞լ են, որ չմասնակցեք։ «Ինձ ոչ մեկ չի կարա վախեցնի»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: