6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կա. Ղազինյան
«Այս գործընթացում գտնվող մարդիկ վաղ թե ուշ պատասխան են տալու, իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցկազմ պարունակող արարքների համար։ Ճշմարտությունն իրականում պարզվելու է։ Եթե կա կանխակալ վերաբերմունք, եթե նրանք գիտեն՝ ում են տալու կազմակերպությունը, դա կրկնակի ու եռակի անգամ ծանրացնելու է պատասխանատվությունը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա անդրադարձավ շրջանառվող խոսակցություններին այն մասին, որ ՀԷՑ–ի կառավարումը կարող է հանձնվել եվրոպական կամ ամերիկյան որևէ կազմակերպության: Այս առնչությամբ Ղազինյանն ասաց, որ ավելի լուրջ մտավախություններ ունի:
«Ես չգիտեմ՝ ՀԿԾՀ–ն ու ՔՊ–ական պատգամավորներն ինչու են մտել այդ ամենի տակ, դա նրանց հարցրեք»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ ինչ կադրային փոփոխություններ են սպասվում ՀԷՑ–ում՝ նոր կառավարչի նշանակմամբ պայմանավորված, Ղազինյանն ասաց. «Մենք գիտակցում ենք՝ ի՛նչ է կատարվելու: Մեր այստեղից գնալը կդիտվի որպես դավաճանություն՝ և՛ պետության, և՛ մեր քաղաքացիների, և՛ սեփականատիրոջ նկատմամբ։ Անկախ նրանից, որ մեր նկատմամբ վարվել են շատ վատ, մեր փորձով օգնելու ենք, որպեսզի համակարգը չփլվի:
Փաշինյանի կողմից ՏԿԵՆ ուղարկված նամակի բովանդակությունը, որը վերաբերում էր ՀԷՑ-ի պետականացմանը, մեզ որևէ կերպ չի բացահայտվել։ Այդ մեկ ամսվա ընթացքում անգամ մոտավոր քննարկումներ այդ թեմայով չեն եղել։ Որքան գիտեմ, նամակում գրված է, որ եթե այս ժամանակներում հարցը չլուծվի, ապա կպետականացվի։ Եթե կա մի պետական մարմին, որն ասում է, թե այդ հարցը մեզ հետ քննարկել են, մեղմ ասած՝ թող ապացուցի:
Հաշվի առնելով մյուս տարվա ընտրությունները՝ այս պրոցեսը քաղաքական է։ 6,800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար»:


