ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
630 մլն դրամի փոխհատուցում է տրվել 2008 թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց

630 մլն դրամի փոխհատուցում է տրվել 2008 թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ:

2008 թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվել է աջակցություն: Մասնավորապես, բավարարվել է 56 դիմում, ընդհանուր առմամբ տրամադրվել է 630 մլն դրամի փոխհատուցում:

Հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում ընդունվել են՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքների նախագծերը:

Ի թիվս դատական իշխանությունում իրականացվող մի շարք այլ բարեփոխումների, ներդրվել է Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ:

Կոռուպցիայի կանխարգելման նպատակով միջոցառումներ են իրականացվել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման և նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուղղությամբ, հաստատվել է Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հայտարարագրման ձևանմուշը, որի հիման վրա հանքարդյուաբերող ընկերությունները ներկայացրել են իրենց հայտարագրերը, ձեռնարկվում են միջոցներ հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ:

Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին: 9 քրեակատարողական հիմնարկ միացել է ծրագրին, բոլոր 12 ՔԿՀ-ները կմիանան մինչև 2020 թվականի հունիս:

2019-ի ընթացքում Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է շուրջ 30 տոկոսով: ՔԿՀ-ները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով:

ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումների շրջանակում 2019-ի սեպտեմբերի մեկից քաղաքացին ՔԿԱԳ մարմնից որևէ ծառայություն ստանալու համար կարող է դիմել տարածքային առումով իրեն ամենամոտ տարածքային մարմին, ամուսնություն գրանցել կարող են բոլոր երկրների քաղաքացիները, այլևս պարտադիր պահանջ չէ զույգերից մեկի՝ Հայաստանում գրանցում ունենալու փաստը: Հայաստանն ամբողջությամբ անցել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերի տրամադրմանը:

2020 թվականի մարտի 8-ից Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդների գրանցումն ու դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներն իրականացվում են տեղում: Ծրագրին միացել են արդեն 3 ծննդատուն, մոտ օրերս կմիանա եւս 5-ը:

2020-ի մարտից Արդարադատության նախարարությունը սկսել է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների ընդունելության սպասասրահի կազմակերպման աշխատանքները և այս պահին դրանք գտնվում են ավարտական փուլում, քաղաքացիները հնարավորություն կստանան դիմումեր ներկայացնել՝ ՔԿԱԳ գործակալություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Սոցիալական ապահովման ծառայություն, Միգրացիոն ծառայություն, Կադաստրի պետական կոմիտե, Թաղման բյուրո, Ազգային արխիվ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրատվական գործունեություն իրականացնողների համար դարձել է անվճար:

Անդրադարձ է կատարվել նաև նախարարությանը տրված հանձնարարականների կատարողականին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2019 թվականի գործունեության արդյունքներից և կարևորել վերը նշված ուղղություններով բարեփոխումների շարունակական իրականացումը, կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կյանքի կոչումը և ընդգծել ծրագրերի արդյունավետ ու ժամանակին կատարման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: