երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինը Փաշինյանին առաջարկել է դադարեցնել պատերազմը ռուսական պլանի պայմաններով՝ «5+2»

2020-ի հոկտեմբերի 19-ին Պուտինը Փաշինյանին առաջարկել է դադարեցնել պատերազմը ռուսական պլանի պայմաններով՝ «5+2»

2020-ի հոկտեմբերի 19-ի կեսօրին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի շրջանակում վերջինս վերահաստատել է, որ դեռևս տարիներ առաջ մշակված ռուսական պլանի պայմաններով կարելի է փորձել դադարեցնել պատերազմը: Այդ մասին ՀՀ վարչապետն ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:

«Իսկ պայմանը հետևյալն է. 7 շրջանները վերադարձվում են «5+2» ձևաչափով, լուծվում է Լաչինի միջանցքով ԼՂ-ի և Հայաստանի կապի հարցը, ԼՂ-ում տեղակայվում են ռուս խաղաղպահներ, Ղարաբաղի կարգավիճակը մնում է առանց հստակեցման, և հարցը մնում է անորոշ ապագայի»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ ՌԴ նախագահի հետ նաև պայմանավորվել էին, որ մինչև երեկո հայկական կողմն իր դիրքորոշումը կարտահայտի:

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հրավիրել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին խորհրդակցության, ավելի ուշ՝ ԱԺ նիստ, որոնց շրջանակներում վարչապետը տեղեկացրել է, որ պատրաստվում է զանգել ՌԴ նախագահին և ասել, որ մտադիր է ընդունել առաջարկվող տարբերակը:

«Չէի ակնկալում, որ որևէ մեկը հրավիրված անձանցից ինձ հետ կիսեր այդ որոշման պատասխանատվությունը: Պարզապես նրանց տեղյակ էի պահում տեղի ունեցող գործընթացների մասին»,- ասաց նա և հիշեցրեց, որ այդ օրվա իր խոսքը՝ ուղղված արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, թե նրանց հրավիրել է, որովհետև համարում է, որ վերջիններիս տեղեկացնելով՝ նաև հանրությանն է տեղեկացնում, քանի որ չի կարող ամեն օրվա տեղի ունեցածը եթեր մտնել և պատմել:

«Երեկոյան զանգահարեցի և ՌԴ նախագահին ասացի, որ պատրաստ եմ նման պայմաններով պատերազմը կանգնեցնելուն: ՌԴ նախագահն ասաց, որ կխոսի Ադրբեջանի նախագահի հետ ու կզանգահարի ինձ: Այդ պահին արդեն խնդրո առարկա 5 շրջաններից երկուսը՝ Ֆիզուլի և Ջաբրայիլ, գործնականում ամբողջությամբ կամ մեծ մասամբ գտնվում էին Ադրբեջանի հսկողության տակ:

ՌԴ նախագահը զանգահարեց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, և, ըստ էության, փոխանցեց հետևյալը. «Ադրբեջանը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց ակնկալում է, որ դրա դիմաց կստանա բոլոր 7 շրջանները կամ ավելի ճիշտ՝ մնացյալ 5 շրջանները, քանի որ երկուսը՝ Ֆիզուլին և Ջաբրայիլը, արդեն իսկ գտնվում են նրանց վերահսկողության ներքո»:

Բայց սա ամբողջը չէր: Այս օրն էր, որ ի հայտ եկավ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամենաշատ քննարկված և քննադատված դրվագը, թե իբր եղել է հնարավորություն Շուշին հայկական վերահսկողության ներքո մնալու պայմաններում կանգնեցնել պատերազմը, բայց ես այն բաց եմ թողել»,- ասաց նա:

  • Կիսվել: