երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2004-ի ապրիլ 12-ը երկրի ու ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի 1-ի նախաբանը. պատգամավոր

2004-ի ապրիլ 12-ը երկրի ու ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի 1-ի նախաբանը. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է 2004 թ. ապրիլի 12-ի իրադարձություններին, երբ կեսգիշերին ոստիկանական ուժերը բռնություն էին գործադրել Բաղրամյան պողոտայում ցույց անող ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ: 

«Նախկին հանցավոր ռեժիմի ամոթալի էջերից է 2004 թվականի ապրիլ 12-ը։ Սա ըստ էության երկրի ու ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների նախերգանքն էր՝ մարտի 1-ի նախաբանը։ Ցավոք, երիտասարդ սերունդը չի հիշի այն խայտառակությունները, որոնք կերտվել են այդ ժամանակահատվածում:

2003 թ. նախագահական ընտրությունների վիճարկման մասով Սահմանադրական դատարանը կայացրեց լղոզված որոշում՝ մերժելով ընդդիմության պահանջը, առաջարկեց մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Դա իհարկե օրվա իշխանություններին ձեռնտու չէր, և որոշումն այդպես էլ ի կատար չածվեց։

Մեկ տարվա ընթացքում ընդդիմադիրների շարժումը համախմբել էր շատերին, և ապրիլի 12-ին Ազատության հրապարակի ցուցարարները խաղաղ քայլերթով շարժվեցին Բաղրամյան պողոտա։ 

Այո՛, այսօր մեր իշխանության օրոք զարմանալի կթվա, թե ինչպես կարելի է զենք կամ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որոնք իրացնում էին իրենց սահմանադրական իրավունքը։ Բայց իրականությունն այլ էր 2004 թվականին, երբ քաղաքական իշխանության ձեռամբ և ուղղորդմամբ ջրցան մեքենաներով, ռետինե մահակներով և հարվածներով թիրախավորեցին սեփական ժողովրդին։

Ապրիլի 12-ին խաղաղ ցույցի մասնակիցները, քաղհասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները դաժանաբար ծեծի ենթարկվեցին։ Ցավով արձանագրենք, որ մինչ օրս որևէ կազմակերպիչ կամ իրականացնող պատասխանատվության չի ենթարկվել»,- գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք՝ 2004 թ. ապրիլին ընդդիմությունը նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ պահանջում էր այն ժամանակվա իշխանություններից կատարել 2003 թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշման պահանջը, այն է՝ մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե: Եվ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ոստիկանական ուժերը հարձակվել էին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ:

  • Կիսվել: