երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
15 օր հետապնդել են Արշակ Սարգսյանին. «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտնել է հետապնդման մասին

15 օր հետապնդել են Արշակ Սարգսյանին. «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտնել է հետապնդման մասին

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտնել է «Մայր Հայաստանի» ավագանու անդամի նկատմամբ հետապնդման մասին:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն այն մասին, որ նախորդող 15 օրերի ընթացքում իրեն հետապնդել են մի խումբ անձինք՝ այդ թվում օգտագործելով առանց պետհամարանիշի ավտոմեքենա:

Այդ ավտոմեքենան ոստիկանության կողմից հայտնաբերվել է, դրանում գտնվող անձանց իրավապահները բերման են ենթարկել:

Ուշագրավն այն է, որ առանց պետհամարանիշի ավտոմեքենան օրեր շարունակ պտտվել է մայրաքաղաքով, մասնավորապես՝ Աջափնյակ համայնքով, ինչը ոչ միայն անպատժելիության մթնոլորտի, այլ նաև իշխանությունների կողմից հովանավորություն ունենալու վկայություն է: Միայն Ա. Սարգսյանի համապատասխան հաղորդման արդյունքում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է այդ ավտոմեքենան:

Մենք ոստիկանությունից պահանջում ենք բացահայտել, թե ինչ նպատակով են նշյալ անձինք օրեր շարունակ հետապնդել Արշակ Սարգսյանին և հանդես գալ համապատասխան իրավական գնահատականով, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր:

«Մայր Հայաստանը» լուրջ հիմքեր ունի հայտարարելու, որ Ավագանու ընդդիմադիր անդամ Արշակ Սարգսյանի հետ տեղի ունեցածը բացառապես իր քաղաքական վարքագծով է պայմանավորված:

Մենք խստորեն դատապարտում ենք «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող իշխանական հետապնդումները և օգտագործելու ենք բոլոր քաղաքական գործիքակազմերը՝ մեր երկրում Ալիևի օրակարգերը սպասարկող փաշինյանական իշխանությանը հեռացնելու համար:

«Մայր Հայաստան» շարժում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն»:

  • Կիսվել: