12 ժամն անցավ, ռուսաստանցի օլիգարխի զարմիկը չհաստատեց գրազը, Ֆիքսենք, որ նրանք օդ են. Ռուբինյան
12 ժամն անցավ։ Ռուսաստանցի օլիգարխի զարմիկն, իհարկե, չհաստատեց գրազը, և դա շստ բնական է։ Ֆիքսենք, որ նրանք օդ են։ Ռուսաստանցի օլիգարխը մինչ այժմ չի հրաժարվել ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից, և, հետևաբար, չի կարող լինել վարչապետի թեկնածու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ավելի վաղ նա, ի պատասխան «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե գրազ է գալիս, որ ընտրություններին իրենց ձայնը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն տա, գրել էր. «Տեսա, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի երբեմնի ղեկավարի որդին և համատեղության կարգով ռուսաստանցի օլիգարխի զարմիկը հրապարակային հայտարարել է, որ ինչի վրա մարդիկ ուզում են գրազը գան, որ իրենք ընտրություններից հետո իրենց քվեն չեն տալու այլ մարդու, այլ տալու են Սամվել Կարապետյանին՝ որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։
Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը և պնդում եմ, որ իրենք ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից, ուզում է 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին՝ որպես հաջորդ վարչապետ, այլ այլ մարդու։ Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա. պայմանը հետևյալն է, եթե իրենք են պարտվում, 1 միլիարդ դոլար անհապաղ մուծում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, այսինքն՝ տալիս են ժողովրդին։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են, թող գրեն, կանեմ, թող գրեն ինքնասպան եղի, ինքնասպան կլինեմ։12 ժամ եմ տալիս հրապարակային հաստատելու համար գրազը։ Եթե մինչև երեկո չհաստատեն գրազը, կֆիքսեմ, որ նրանք օդ են, ինչպես իրենց բոլոր ասածները»։
Հավելենք նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանն անդրադարձել է Ռուբինյանի՝ գրազի վերաբերյալ հայտարարությանը:
«Ռուբեն Ռուբինյան, գրազ, ուրեմն գրազ, բայց տղավարի: Այն ծրագրով, որ մենք հայտարարել ենք մեր կուսակցության համագումարին` Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը»,-նշել է նա։


