ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
1,2 մլրդ դոլար կծախսվի Ադրբեջանի հետ երկաթուղու երկու հատվածների կառուցման համար. Էկոնոմիկայի նախարար

1,2 մլրդ դոլար կծախսվի Ադրբեջանի հետ երկաթուղու երկու հատվածների կառուցման համար. Էկոնոմիկայի նախարար

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործման տնտեսական կողմին: 

Նախարարի խոսքով՝ մանրուքները շատ կարևոր են:

«Կարևոր է հասկանալ, թե ինչ ժամանակացույցով է, որովհետև որոշ երկաթգծերի վերանորոգումը կամ նորից սարքելը շատ ավելի երկար է տևելու, քան մյուսներինը, և կարևոր է հասկանալ, թե արդյոք երկաթգծերը կմտնեն շահագործման հենց պատրաստ լինելուն պես, թե միաժամանակ. եթե միաժամանակ, ապա առջևում դեռ մի քանի տարի կա»,- նշեց Քերոբյանը:

Ինչ վերաբերում է երկաթգծի շահագործմանը նախորդող ծախսերին, նախարարը հայտնեց, որ Հայաստանում՝ Երասխի մոտ, շատ փոքր հատված է անհրաժեշտ վերանորոգել:

«Այնտեղ ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է: Մի քիչ ավելի խոշոր ներդրումը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որը բավական ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է, և ճանապարհը դարձել է ավտոմոբիլային: Այստեղ կարող է նոր ճանապարհի անհրաժեշտություն լինի: Կարծում եմ, որ կարող է մինչև 200 մլն դոլարի սահմաններում լինի ներդրումը, իսկ ավելի խոշոր ներդրումը՝ սահմանից մինչև Հորադիզ՝ Ադրբեջանի տարածքում երկաթգծի նորից կառուցումն է, որովհետև այնտեղ ևս ապամոնտաժված է երկաթգիծը: 1 միլիարդ դոլարից ավելի ներդրում է պահանջվելու այդ հատվածը վերագործարկելու համար»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ կախված այն բանից, թե երբ շահագործման կհանձնվեն երկաթգծերը, հնարավոր կլինի ավելի ճիշտ հաշվարկներ կատարել ապաշրջափակման տնտեսական էֆեկտների մասին:

  • Կիսվել: