երկուշաբթի, մարտ 1
1 / 3 / 2021
Ուրախ խնջույքից հետո լողավազան և սաունա. Դիանա Շատվերյանի 36-ամյակի հավաքույթը Ծաղկաձորի առանձնատանը (լուսանկարներ)

Ուրախ խնջույքից հետո լողավազան և սաունա. Դիանա Շատվերյանի 36-ամյակի հավաքույթը Ծաղկաձորի առանձնատանը (լուսանկարներ)

Դիզայներ Դիանա Շատվերյանն օրերս տոնել է 36-ամյակը, ինչի առթիվ տարբերվող խնջույք է կազմակերպել` house party Ծաղկաձորում։

Դիանան օրվա մանրամասները վստահել է Tert.am Life-ին և տրամադրել մի քանի լուսանկար։ Դիզայներն օրվանից շատ լուսանկարներ չուներ, բայց ուներ ջերմ հիշողություններ, որոնցով կիսվել է մեզ հետ։

Դիանայի անակնկալները սկսվել են կեսգիշերին։ Թեև ընկերները նրա տարեդարձին սպասված հյուրեր են, կարողացել են անակնկալի բերել դիզայներին։

«Իհարկե, սովոր եմ, որ ամուսինս ամեն տարի կեսգիշերին ինձ ծաղիկներ է նվիրում, դա ինձ համար անակնկալ չէր, բայց անակնկալ էր, որ բոլոր ընկերներս միասին կգան, քանի որ գիտեի, որ տարբեր տեղերում գործեր, հանդիպումներ ունեն։ Մտածում էի` ինչ-որ մեկը կհասցնի գալ, բայց չէի սպասում, որ բոլորով կհավաքվեն։ Կեսգիշերին Երևանի սրճարան-ակումբներից մեկում էի, ինձ տարան հիմնական սրահ, որտեղ տորթով, փուչիկներով ծաղիկներով բոլորը երգում էին Happy birthday։ Շատ ուրախացա ընկերների ներկայությունից, որովհետև վերջերս անընդհատ բացակայում էին երկրից։ Ոգևորիչ էր, որ բոլորով կրկին Երևանում ենք։ Գոռ Մարգարյանը, Արամ MP3-ն ու կինը` Աննան, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը... մի խոսքով` банда в сборе»,- ոգևորությամբ պատմեց Դիանան։

Դիզայներին շատ է ուրախացրել ընկերուհին` Նվարդը. «Նա մեքսիկական խմբի էր հրավիրել, որպեսզի ինձ համար երգեն «Ծնունդդ շնորհավոր»։ Ամենածիծաղելին այն էր, որ ինքն էլ էր մեքսիկացու կերպարով ու խմբի հետ երգում էր։ Իսկապես շատ զավեշտալի էր` 2 մեքսիկացի և Նվարդը` այդ հագուստով»։

Դիանան միշտ տոնում է իր տարեդարձը։ Այս տարի որոշել է երեկույթ կազմակերպել առանձնատանը, հավաքել է բոլոր ընկերներին ու ուղևորվել Ծաղկաձոր։ Ասում է` նախապատրաստությունն ավելի երկար ու բարդ էր, բայց արժեր, անմոռանալի օր է ունեցել։)

«Ես արդեն հոգնել եմ ակումբային հավաքներից։ Վաղուց էի ուզում ծնունդս նշել քաղաքից դուրս։ House party-ները դուրս շատ են գալիս, բայց երբեք նման հավաքույթ չէինք արել։ Իրականում շատ լավ տարբերակ է` նախ միայն դուք եք, կողմնակի մարդիկ չկան, երկրորդ` տուն է և կան բոլոր հարմարությունները, օրինակ, փոխվելու, երրորդ` դուրս ես գալիս ու հրաշալի տեսարան է։ Ամեն բան կազմակերպում, զարդարում ես այնպես, ինչպես դու ես ուզում։ Իհարկե, կազմակերպչական հարցերն ավելի երկար ու բարդ են լինում, բայց նաև ավելի հավես է անցնում։ Բացի այս ամենը առանձնատունն ուներ տաքացվող լողավազան և սաունա, ինչը վերջում հաճելի բոնուս էր»,- ոգևորությամբ ընդգծեց նա ու հավելեց, որ համեղ ուտելու համար հրավիրել էր խոհարարների։ Տարբեր ճաշակի տեր ընկերներից ոչ ոք դճգոհ չի մնացել։)

Դիանան պատմեց, որ երեկույթը հատուկ թեմատիկա չուներ, ինչպես միշտ, ամեն բան սկսվել է իր հագուստի գույնից։ Սպիտակը թելադրող է դարձել ձևավորման ու տորթի ընտրության հարցում. «Քանի որ առանձնատունն ուներ անտիկ ջահեր, դա ևս ազդեց ձևավորման ոճի ընտրության վրա»։

Օրվա ուրախ ռիթմերն ապահովել է դիջեյը։ Դիանայի ուրախ ընկերախումբը ակտիվ ու հագեցած ժամանակ է անցկացրել։ Հոբելյարը նշեց, որ երեկոն շատ ուրախ ու բուռն է անցել և իրեն շատ լավ էմոցիաներ պարգևել։

Ըստ Դիանայի` տպավորիչ պահեր շատ են եղել, բայց առանձնացրեց Ռաֆոյի պարը։ Արամ MP3-ն երգել է «Կուզես» երգը, որը հյուրերի համար առավել տպավորիչ է դարձրել դերասան Ռաֆայել Երանոսյանը` պարելով իրեն բնորոշ հումորով։ Դիանան նկատեց, որ հյուրերն այդ պարը երկար կհիշեն, բայց տեսանյութը հազիվ թե հրապարակեն։)

Դիզայներն այս տարի դարձավ 36 տարեկան։ Ամեն տարի ավելացող թվերից վախենալը Դիանան անիմաստ է համարում։

«Թվերից բացարձակ չեմ վախենում, գուցե, որովհետև չեմ զգում տարիքս։ Անիմաստ եմ համարում տարիքից վախենալը, որովհետև դրա դեմ պայքարել չես կարող, փոխարենը կարող ես վայելել ամեն տարիք և պահ։ Իհարկե, պետք է խնամված լինես, բայց և չեմ սիրում, երբ շատ են կենտրոնանում այդ ամենի վրա ու բաց են թողնում կյանքի լավագույն տարիները»,- նկատեց նա։

Դիանան ևս մեկ անգամ շեշտեց, որ շատ է սիրում իր ծնունդը։ «Պետք է սիրես ծնունդդ, որովհետև լույս աշխարհ ես եկել։ Կյանքն այնքան փոփոխական ու կարճ է, որ պետք է մաքսիմալ պոզիտիվ ապրել ամեն պահը։ Ես որքան հնարավոր է` էդպես եմ ապրում»,- եզրափակեց նա։

 

  • Կիսվել: