հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի մայրիկներից ով ինչ է ցանկացել ապրիլի 7-ին (տեսանյութ)

Հայտնի մայրիկներից ով ինչ է ցանկացել ապրիլի 7-ին (տեսանյութ)

Ապրիլի 7-ին Հայաստանում տոնում եւ ամփոփում են կանանց միամսյակը եւ մայրության ու գեղեցկության օրը: Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը նաեւ Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 

Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե հայ հայտնիներից ով, ինչպես է շնորհավորել ապրիլի 7-ը:

Երգչուհի Սիլվա Հակոբյանը լուսանկար է հրապարակել դստեր՝ Միլայի հետ և գրառում կատարել. «Սիրելի մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ: Շնորհավոր ձեր տոնը ! Միշտ լինեք գնահատված ու սիրված ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»:

Իսկ դերասանուհի Մերի Մակարյանը, ով ապրում է Միացյալ Նահանգներում, տոնը շնորհավորել է Նժդեհի խոսքերով. «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը, շնորհավոր Ապրիլի 7»:

 

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, անդրադառնալով տոնին, գրել է, որ Մայրերի լույսով պիտի բուժվենք, նրանց ուժով արիանանք, ու նրանց համբերությամբ տարրալուծենք խավարը:

«Իսկ կարոտը՝ պարանոցին փաթաթված օձի պես, շարունակում է խեղդել… հիշեցնելով. քանի դեռ խեղդվում ես, ուրեմն կաս, ԴԵՌ շարունակում ես ապրել:
 
Կարոտը՝ չապրածների ու չհասցրածների, ափսոսանքների ու հուսահատությունների խաչմերուկում մոլորված ու գլխիկոր կարոտը… կարոտը, որը չի թողնում հանգիստ ապրենք, բայց առանց որի առհասարակ չեն էլ գոյում… Կարոտը, որը կամրջում է սրտեր, իսկ ինքը հավերժ մնում միայնակ, ու էլի էն նույն կարոտը, որը ստիպում է ծնվածդ վայրկյանից մինչև մահ՝ կարոտել սիրելի մարդկանց կամ արևածագն ու ծովը, կարոտը, որով մարդ ենք դառնում կամ մարդ մնում…Վանվում, փախչում, մերժում կարոտը, բայց վերջում միշտ էլ մնում նրա հետ՝ դեմ հանդիման.ԿԱՐՈՏՈՎ:
 
Հ.Գ. Ես էստեղ Մորս եմ նման… Այսօր արդեն ապրիլի 7- ն է…
Մայրերի լույսով պիտի բուժվենք, նրանց ուժով արիանանք, ու նրանց համբերությամբ տարրալուծենք խավարը…
 
Ասելու եք շնորհավո՞ր… չգիտեմ, ավելի լավ է ուղղակի կարոտով մի թողեք Կանանց…Կարոտը հավերժ է. մենք՝ անցողիկ»:
 
Հայտնի դիմահարդար Ագա Քանաքանյանը, հրապարակելով տոնական լուսանկարներ, նշել է. «Իմ գեղեցկուհիներ, բոլորիս համար այս տոնը թող լիաթոք վայելքի տոն լինի։ Մարդը գեղեցիկ է, երբ երջանիկ է։ Շնորհավորում եմ մեզ»:
 
 
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ցուցադրելով որդու հետ լուսանկարը, իր մայրիկի գլխավորությամբ շնորհավորել է բոլոր մայրերին.

«Աստծո ամենագեղեցիկ պարգևը մայրանալն է՝ ՄԱՅՐ լինելը: Մայրությունը վեր է ամեն կոչումներից…Շնորհավորում եմ բոլոր մայրերին, իմ մայրիկի գլխավորությամբ»:

 
 
Դերասանուհի Յուլիա Ֆինկը լուսանկար է հրապարակել որդիների հետ  եւ Մայրության սպասող կանանց մաղթել համբերություն եւ հավատ. «Ամեն ինչ լավ է լինելու, իսկ մեզ՝ մայրերիս՝ մի քիչ շատ քնենք, որ առողջ և գեղեցիկ լինենք)) Շնորհավոր ապրիլի 7!»:
 
Իսկ, ահա երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, շնորհավորելով մայրության եւ գեղեցկության տոնը, մեկնաբաբել է. «Կանայք Աստվածային էակներ են, միայն նրա համար, որ կարող են նոր կյանք պարգեւել։
Մորից ուժեղ ու հզոր կերպար գոյություն չունի։ Մայր լինելուց ավելի կարեւոր ու մեծ առաքելություն աշխարհում չկա։ Շնորհավոր մայրության տոնը»:
 
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
 

  • Կիսվել: