շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Չեմ զղջում, ինչ-որ ասել եմ, ճիշտ եմ ասել»․ Սուպեր Սաքոն՝ Կոմիտասի վերաբերյալ սկանդալային հայտարարության մասին

«Չեմ զղջում, ինչ-որ ասել եմ, ճիշտ եմ ասել»․ Սուպեր Սաքոն՝ Կոմիտասի վերաբերյալ սկանդալային հայտարարության մասին

Վարդապետ Կոմիտասն ուղղել է մեր նոտաները եւ ստացել այն լավ երաժշտությունը, որը մենք ունենք այսօր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոն՝ մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերությունում արած իր այն սկանդալային հայտարարությունը, թե մուղամն ի սկզբանե մերն է եղել, եւ Կոմիտասն է դա մաքրել է երաժշտությունից;

«Չեմ զղջում, ինչ-որ ասել եմ, ճիշտ եմ ասել։ Ես վերջում ճիշտ էի՝ Վարդապետն ուղղել է նոտաները։ Ես այլ բան էի ուզում ասել։ Կոմիտասը դա PR-ի համար չի արել, բայց շատ երգերի նոտաներ ինքը դզել է եւ սարքել է այն լավ երաժշտությունը, որն ունենք այսօր։ Ես խոնարհվում եմ մեր մեծերի առջեւ, ես վատ մտքով չեմ ասել, ինքը մաքրել է մեր երաժշտությունը։ Ես հետեւում եմ քննադատություններին եւ վերջում կասեմ իմ խոսքը»,- ասաց երգիչը։

Սուպեր Սաքոն նշեց, որ թեեւ հայերեն գրել-կարդալ չգիտի եւ 35 տարի ապրել է ԱՄՆ-ում, սակայն պարբերաբար այցելում է Հայաստան եւ աջակցում տարբեր ոլորտների։ Այժմ նա պատրաստվում է հովանավորել Կոմիտասի մասին մուլտֆիլմերի ստեղծումը, որոնք սփյուռքահայ երեխաներին կծանոթացնեն Կոմիտասին։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո Սուպեր Սաքոն մնացել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ՝ ի աջակցություն 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոյանի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի, որի կալանավորման միջնորդությունն է այժմ քննում դատարանը։

«Ես էլ եմ հայի զավակ, եկել եմ լինելու հայ զինվորի մոր կողքին, ոչ մի քաղաքական նկատառում չկա»,- ասաց երգիչը։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման ընթացքում ռեփեր Սարգիս Բալասանյանը, որ հանրությանը հայտնի է Սուպեր Սաքո բեմական անունով, անդրադառնալով Կոմիտասին, ասել էր, թե իբր նա «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն, էդ ծռած նոտաները, այդ մուղամը, ու իրենց տհաճ է թվացել: Իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել, ասելով, թե՝ չսիրեցին, բռնեք ջնջեք: Բոլոր քառորդ նոտաները ջնջել են»:

  • Կիսվել: